Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է աշխատանքները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, իսկ Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման ծրագրի համար արդեն հայտարարվել է մրցույթ։
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
«Ուզում եմ ասել նաև, որ մենք Հայաստանում, ընդհանուր առմամբ, երկաթուղային ենթակառուցվածքներն ավելի լավ վիճակի բերելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ արդեն մեկնարկել են Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։
«Այս պահին նաև հայտարարված է Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որն իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով»,-նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, և կառավարությունը նախատեսում է նոր ծրագրեր իրականացնել նաև միջազգային գործընկերների ներգրավմամբ։
«Մենք, իհարկե, հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ, կիրականացնենք որոշակի ծրագրեր»,-ասել է վարչապետը։



