«Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է, մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը. Ավինյան
Տրամվայի վերականգնման հարց չի քննարկվում՝ զուտ այս պահին իրատեսական չլինելու տրամաբանությունից ելնելով: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե Երևանում տրամվայների վերականգնման ծրագիր քննարկվո՞ւմ է:
Այդ համատեքստում Ավինյանն անդրադարձավ նաև մետրոյին վերաբերող ծրագրին՝ նշելով, որ այն շատ իրատեսական ծրագիր է:
««Աջափնյակ» մետրոյի կայարանի նոր նախագիծը, որը երևի թե Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաբարդ նախագծերից մեկն է, եթե ոչ՝ ամենաբարդ նախագիծը, անցել է համալիր փորձաքննությունը երկու օր առաջ: Այո՛, դրա վրա մոտավորապես 7 ամիս ժամանակ ենք ծախսել, բայց համալիր քննությունն այդ նախագիծն անցել է:
Պետք է նաև հասկանանք, որ այս տեսակ նախագիծ պետությունը 40 տարուց ավելի չի արել, այս տեսակ աշխատանք պետությունը 40 տարուց ավելի չի արել, և եթե նմանատիպ պրոցեսները կանգնում են, այդ կարողությունը, այդ գիտելիքը չքանում են, հետո պետք է սկսես վերականգնել:
Հիմա ժամանակ է դա տանում, բայց ես անհոգնել և վստահ ձեզ ասում եմ՝ Երևան քաղաքում «Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետև մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը, համապատասխան ֆինանսավորում հատկացնել, և արդեն տեխնիկական հսկողության մրցույթ իրականացնել, որովհետև ամենաբարդ հատվածն անցել ենք. ամենաբարդը նախագիծ ստանալն է, որ բոլոր փորձաքննություններն անցել է»,- ասաց Ավինյանը: