երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԳՆ-ն հերքում է լուրերն այն մասին, որ ռուսական կողմը «մաքսանենգ» ծխախոտով բեռնված ինքնաթիռի հետ կապված փորձել է կապ հաստատել արտաքին գործերի փոխնախարարի հետ

ԱԳՆ-ն հերքում է լուրերն այն մասին, որ ռուսական կողմը «մաքսանենգ» ծխախոտով բեռնված ինքնաթիռի հետ կապված փորձել է կապ հաստատել արտաքին գործերի փոխնախարարի հետ

ԱԳՆ հերքում է լուրերը այն մասին, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը «մաքսանենգ» ծխախոտով բեռնված ինքնաթիռի հետ կապված փորձել է կապ հաստատել սկզբից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ապա արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ:

«Նման բան չկա, Ռուսաստանի դեսպանը նման հարցով մեզ չի դիմել»,- InfoPort-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նաև հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ռուսական կողմը դիմել է ԱԳՆ-ին, որպեսզի Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը ետ վերադարձի ժամանակ ՀՀ-ից ՌԴ տանի Ռուսաստանի քաղաքացիներին, բայց մերժում է ստացել:

«Նման բան չկա և լինել չի կարող: Ընդհակառակը` հայկական կողմը ինքն է առաջարկել ռուսականին, որ Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը ետ վերադարձի ժամանակ ՀՀ-ից ՌԴ տանի Ռուսաստանի քաղաքացիներին»,- հավաստեց Նաղդալյանը:

Իրավիճակի շուրջ InfoPort-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից` պարզելու համար, արդյոք դեսպանը դիմել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու փոխարտգործ նախարար Շավարշ Քոչարյանին «մաքսանենգ» ծխախոտով բեռնված ինքնաթիռը ՌԴ ուղարկելու համար: Սակայն դեսպանատան մամուլի խոսնակը խնդրեց հարցերը ուղարկել գրավոր:

Հարցի շուրջ հավելյալ պարզաբանում խնդրեցինք նաև Պետեկամուտների կոմիտեից, փորձելով պարզել` արդյոք ՊԵԿ ղեկավարությունը կապվել է ռուսաստանցի կոլեգաների հետ, և եթե այո, ինչ պատասխանեն են տվել ռուս մաքսայինները: Սակայն ՊԵԿ-ից էլ խնդրեցին մեր հարցերը գրավոր ուղարկել:

Նշենք, որ այսօր մամուլում հրապարակումներ եղան առ այն, որ Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել, որով Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ է տեղափոխելիս եղել Աֆղանստան։ «Բանն այն է, որ ռուսական կողմը ավելի վաղ խնդրել էր, որ մոսկովյան օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին Զվարթնոց տեղափոխող ինքնաթիռները Երևանից Մոսկվա վերադարձնի նաև ՌԴ քաղաքացիներին:

Այսինքն՝ Երևանից Մոսկվա դատարկ թռչող ինքաթիռը, ռուսական կողմի առաջարկով, պետք է հայրենիք վերադարձներ ՌԴ քաղաքացիներին, հատկապես որ չվերթի համար ռուսական կողմը պատրաստ է եղել վճարել: Բայց ռուսական դիվանագիտական շրջանակների այս առաջարկը կտրականապես մերժվել է: Եվ այսօր պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար Զվարթնոցից Մոսկվա թռչող ինքնաթիռները ոչ թե դատարկ են եղել, այլև մաքսանենգ ծխախոտ են տեղափոխել Ռուսաստան»,- գրել է 168.am-ը:

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում ՌԴ դեսպանը մի քանի անգամ զանգել է Տիգրան Ավինյանին՝ պարզաբանումներ ստանալու ապօրինի ծխախոտի ՌԴ ներմուծման հարցով, սակայն քարտուղարուհին ասել է, որ չի կարող միացնել: ՌԴ դեսպանը ստիպված է եղել կապ հաստատել փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այլ մանրամասներ չի հաջողվել պարզել:

Մինչդեռ այս առնչությամբ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ծխախոտը եղել է օրինական ձևակերպված, ըստ ՀՀ օրենսդրության բոլոր ընթացակարգերի: Սակայն ՊԵԿ-ը չի պարզաբանում, թե այդ դեպքում ինչու է Ռուսական կողմը համարել, որ ապրանքը մաքսանենգ է:

Ըստ շրջանառվող լուրերի այս պատմության հետևում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանը: Վերջինս սակայն կտրականապես հերքեց այդ լուրերը` նշելով, որ այդ ամենը կապված է նրա քննադատական ելույթի հետ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հասցեին:

  • Կիսվել: