երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աղետի գոտում հաշվառված 5419 ընտանիքից 5391-ի բնակարանային խնդիրը լուծված է, 28 ընտանիք դեռ սպասում է․  Արզումանյան

Աղետի գոտում հաշվառված 5419 ընտանիքից 5391-ի բնակարանային խնդիրը լուծված է, 28 ընտանիք դեռ սպասում է․ Արզումանյան

«Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացված վերջին ծրագիրը սկիզբ է առել դեռևս 2008 թ-ին և ծրագրի շահառու են ճանաչվել 5419 ընտանիք՝ հաշվառված Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում։ 5419 ընտանիքից 5391 ընտանիքի բնակարանային խնդիրը  նախորդ տարիներին հատկացված շուրջ 70 միլիարդ դրամի շրջանակում արդեն լուծվել է»,- դեկտեմբերի 7-ին ընդառաջ Աղետի գոտու բնակարանային ծրագրի արդյունքների  և տնակային  շինությունների խնդրի լուծման մեկնարկի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և  կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

«Դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի խնդիր։ Այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց  բնակարանային խնդիրը դիտարկվի Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրի շրջանակում»,- նշեց Արզումանյանը և հավելեց, որ  այս 28 ընտանիքի բնակարանային ապահովման խնդրի լուծմամբ կստացվի, որ  5419 շահառու ընտանիքի խնդիրը լուծված է և ծրագիրն ավարտված։   

Տանյա Արզումանյանի խոսքով, սակայն, ծրագրի շրջանակում  խնդիր է ի հայտ եկել՝   բնակարանային  ծրագրից դուրս մնացած ընտանիքների մասով․ «Այս ընտանիքներն իրենց բնակարանային պայմանների բարելավման իրավունքը բողոքարկել են դատական կարգով և կառավարության 2021թ-ի որոշմամբ սահմանվել  է, որ  այն ընտանիքները, ովքեր ծրագրից հետո վերականգնել են իրենց բնակարանային պայմանների բարելավման իրավունքը  բնակարանային խնդիրները լուծելու են բնակարանի գնման վկայագրի  տրամադրման միջոցով, բացառություն կկազմեն  գյուղական բնակավայրերում  մեկ սենյակի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի ուղղակի ֆինանսական աջակցություն՝ 3 միլիոն դրամի չափով»։

Ըստ նրա՝ բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների թիվը 16 է։ 

«2018 թ-ից մեկնարկել է տնակային շինությունների փաստագրման գործընթացը, փաստագրվել են շուրջ 7200 ոչ հիմնական շինություններ։ Մեծ մասը Շիրակի և Լոռու մարզում և 150-ը Արագածոտնի մարզում։ Ընդհանուր շինությունների շուրջ 40 տոկոսը Գյումրիում է»,- ասաց Տանյա Արզումանյանը։

«Մինչև 2022թ-ը իրավական հիմքեր պետք է ստեղծվեն այս ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար  և 2023 թվականից կմեկնարկեն բուն ծրագրերը։ Նախատեսվում է աշխատանքներն  ավարտել 2027թ-ին»,- Տանյա Արզումանյանի խոսքով՝ պետական աջակցության տարբերակները մի քանիսն են լինելու՝ բնակարանի գնման վկայագիր, մեկ սենյակի գնման  չափով ֆինանսական աջակցության տրամադրում, ֆինանսական աջակցություն բնակարանի վարձակալության համար՝  մեկ տարվա կտրվածքով, սոցիալական բնակֆոնդի ստեղծում և այլն։

 

  • Կիսվել: