ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր առմամբ շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր առմամբ շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային ստորաբաժանումները շարունակում են վերահսկողական լայնածավալ աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։
 
Մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։
 
Տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից մինչ օրս պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Երևանի և մարզերի շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը․ ներկայում կասեցումը 24 ժամով է։
 
Արձանագրվող հիմնական խախտումներից են աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելը, ախտահանման աշխատանքների թերի կատարումը, ջերմաչափման և գրանցամատյանների վարման ոչ պատշաճ իրականացումը և այլն։ 
 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքի համար հիմք են ընդունվում նաև «Թեժ գծով»՝ 8107 և առցանց ստացված բողոքները։
 
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին՝ խստագույնս հետևել Պարետի ցուցումներին: Պարետի սահմանած նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։
 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հունվարի 24-ից շարունակում է աշխատել ուժեղացված վերահսկողական ռեժիմով։

  • Կիսվել: