երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
706 294 աշխատատեղ՝ 2023-ի մարտին գրանցվել է բացարձակ ռեկորդ. Նիկոլ Փաշինյան

706 294 աշխատատեղ՝ 2023-ի մարտին գրանցվել է բացարձակ ռեկորդ. Նիկոլ Փաշինյան

2023-ի մարտին Հայաստանում կրկին գրանցվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ Երրորդ Հանրապետության պատմության մեջ: Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ այդպիսի ռեկորդն արձանագրվել էր 2022-ին, երբ գրանցվել էր 704 420 աշխատատեղ: Իսկ 2023-ի մարտին արդեն ունենք 706 294 աշխատատեղ, ընդ որում՝ պետք է ամսվա հետ համեմատել, որովհետև գիտեք՝ աշխատատեղերն ունեն սեզոնայնություն և անընդհատ փոփոխվում են: Ըստ այդմ՝ 2023-ի մարտի աշխատատեղերը նախ 2018 թվականի մայիսի համեմատ ավելի են 158 305-ով: Իհարկե, էս համեմատության մեջ մի քիչ քաղաքական կոմպոնենտ կա, բայց մենք համեմատության տվյալն ենք վերցնում, այսինքն՝ ավելի է 28,9 տոկոսով, շուրջ 30 տոկոսով ավելացել են աշխատատեղերը 2018-ի մայիսի նկատմամբ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ 2023-ի մարտին նույն տարվա փետրվարի համեմատ աշխատատեղերն ավելացել են 14 028-ով, իսկ 2023-ի մարտին 2022-ի մարտի համեմատ՝ 51 510-ով:

Կարևոր է նաև աշխատավարձի ֆոնդի շարժընթացը: 2023-ի մարտին 2022-ի մարտի նկատմամբ աշխատավարձային ֆոնդն ավելի է 53 մլրդ 616 միլիոն դրամով:

«2023-ի մարտը 2018-ի մարտի նկատմամբ 1 մարդու միջին աշխատավարձն ավելի է 125 հազար 313 դրամով կամ 71 տոկոսով, 2023-ի մարտը 2023-ի փետրվարի նկատմամբ՝ 35 հազար 848 դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2023-ի մարտը 2022-ի մարտի նկատմամբ ավելի է 58 հազար դրամով կամ 23 տոկոսով:

Սա ինչո՞վ է կարևոր. կարևոր է գնաճի համեմատթյան տրամաբանության մեջ, որովհետև, օրինակ, մարտը մարտի նկատմամբ մեր 12-ամսյա գնաճը կազմել է 5,4 տոկոս, իսկ միջին աշխատավարձի աճը՝ 23,9 տոկոս, տարեկան գնաճը, այսինքն՝ հունվար-մարտի գնաճը կազմել է 7,2 տոկոս, իսկ միայն փետրվարին մենք աշխատավարձի աճ ենք ունեցել 13,5 տոկոսով»,- նշեց վարչապետը:

Արձանագրվել է նաև արդյունաբերության աճի որոշակի արագացում: Նախորդ ամիս 1 տոկոսի շրջանակում էր, մարտին՝ 8,6, իսկ հունվար-մարտին 3,6 տոկոս աճ է արձանագրվել: Գյուղատնտեսության ոլորտում նույնպես 1,4 տոկոս աճ է արձանագրվել նախորդ ամիս:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս ցուցանիշներն աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է: Սակայն Կառավարության առջև դրված խնդիրը այս և առաջիկա տարիներին շարունակում է մնալ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը:

  • Կիսվել: