երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
60 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել ՀՀ-ում. ինչպե՞ս է գործընթացը տեղի ունենում և որքանով է հեշտանում բուժառուի կյանքը

60 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել ՀՀ-ում. ինչպե՞ս է գործընթացը տեղի ունենում և որքանով է հեշտանում բուժառուի կյանքը

Մինչ օրս 60 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նրա խոսքով՝ ոչ մի տեսակ թուղթ գոյություն չունի:

«Պացիենտը դիմում է բժշկին, բժիշկն ախտորոշում է և համակարգի մեջ ցանկից ընտրվում է համապատասխան դեղորայքը, դոզան, քանակը և պացիենտն ուղորդվում է դեղատուն: Պացիենտը դիմելով դեղատուն, ներկայացնելով իր անձը հաստատող փաստաթուղթը կամ ՀԾՀ-ն, կամ ID-ի համարը՝ այն հավաքելով Armed համակարգում դեղատան աշխատողն արդեն տեսնում է, որ կա էլեկտրոնային դեղատոմս: Տալիս է դեղորայքը, և մեկ հպումով հաստատում է, որ դեղորայքը տրամադրված է»,-նշում է նախարարության ներկայացուցիչը:

Արտակ Ջումայանի խոսքով՝ այս գործընթացը հունիս ամսից է սկսվել: Սկզբում 3400 դեղատոմս է դուրս գրվել, և շարունակական՝ 12 հազար, 26 հազար և 38 հազար և արդեն վերջին 2 ամիսը 60 հազար և ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել

Հարցին, թե քաղաքացիներն ինչ արձագանք են տվել,Արտակ Ջումայանն ասաց, որ միշտ կապ են պահում և փորձում են քաղաքացիների հետ բաց լինել տարբեր հարթակներում.

«Միանշանակ դրական է արձագանքը և դժգոհություն չկա: Ինչպես ես հիշում եմ 2019 թվականին, երբ մենք առաջին անգամ փորձեցինք պիլոտային ծրագրով ներդնել հերթագրումը և պացիենտների մի մասը չէր հասկանում, թե դա ինչ է և ինչպես պետք է արվի՝ կար դժգոհություն: Այստեղ ավելի շատ կար իրազեկման խնդիր, բայց մենք այս մասով էլ ենք աշխատում: Ծրագիր դնելով ինչ-որ մի պոլիկլինիկայի կամ հիվանդանոցի վրա էլեկտրոնային հատվածով, մենք դա պիլոտի շրջանակներում արդեն իսկ փորձում ենք իրազեկել մեր բնակչությանը, որպեսզի իրենք էլ պատրաստ լինեն այս փոփոխությանը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը:

Նա նաև նշեց, որ զուգահեռ թրեյնինգներ են արվում բուժաշխատողների հետ, որ կարողանան ավելի հմուտ աշխատել այդ ծրագրի հետ և ծրագրով աշխատելու ընթացքում ժամանակ խնայեն և ոչ թե ավելի երկար տևի քան թղթով գրագրությունը:

«Իրենց հետ աշխատելով միշտ խորհուրդ ենք տալիս, որ իրենք պացիենտների հետ աշխատեն, ասեն, որ շուտով անցնելու ենք այս համակարգին, որպեսզի իրենք էլ տրամադրված լինեն»,- ընդգծեց Արտակ Ջումայանը:  

  • Կիսվել: