շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
60 000 դրամից թանկ նվերները կառգրավվեն պաշտոնյաներից. կրիպտոարժույթը ևս արգելված է

60 000 դրամից թանկ նվերները կառգրավվեն պաշտոնյաներից. կրիպտոարժույթը ևս արգելված է

Հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին կարգելվի 60 000 դրամից թանկ նվերներ ստանալ։ Կարգավորումը նախատեսված է այսօր ԱԺ–ում քննարկման ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթով։
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ օրենքով սահմանվում է արգելված նվերների ցանկը։
 
«Նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, մատուցված ծառայությունը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները, կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը, որը տրամադրվում է անձի պաշտոն զբաղեցնելու հանգամանքով պայմանավորված»,– ասաց փոխնախարարը:
 
Ի դեպ, այս սահմանափակումները վերաբերում են ոչ միայն պաշտոնյային, այլև նրա հետ փոխկապակցված անձանց` կնոջը, ամուսնուն, զավակներին,ծնողներին, քույր-եղբորը։
Արգելված նվերներ ստանալու դեպքում պաշտոնյան պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղ կորոշվի նվերի հետագա ճակատագիրը։ Բայց անկախ դրանից, նման նվերներն օրենքով համարվում են պետական կամ համայնքային սեփականություն։
 
Բացի այդ օրենքով նախատեսվում է ստեղծել թույլատրելի նվերների հաշվառման ռեեստր, որտեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր կլինեն հաշվառել 40 000-60 000 դրամ արժեքով նվերները։ Մինչև 40 000 դրամ արժեքը չգերազանցող թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, եթե, իհարկե, տարվա մեջ 2 և ավելի անգամ չեն ստացվում նույն աղբյուրից։
«Ռեեստրը վարելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ընդ որում, կառավարությունն արդեն համապատասխան հատկացումն արել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որպեսզի կարողանան կյանքի կոչել տվյալ կարգավորումը, երբ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացնի նախագիծը»,– ասաց Արփինե Սարգսյանը։
Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքին նախատեսվում է իրավական ուժ տալ 2023 թվականի հունվարի 1-ից:

  • Կիսվել: