6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց։
Այս որոշմամբ 6 ամսով կարգելվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստան ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանից արտահանվող ապրանքների վրա։
Նշենք, որ նման որոշում արդեն գոյություն ուներ, սակայն դրա գործողությունը կավարտվի 2025 թվականի հուլիսի 4-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։