շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
560 հազար բնակարան և տուն կհամարվեն գույքահարկի նոր օբյեկտներ

560 հազար բնակարան և տուն կհամարվեն գույքահարկի նոր օբյեկտներ

Գործող կարգավորումների համաձայն՝ չհարկվող շեմից ներքև գտնվող գույքային միավորների թվաքանակը բնակարանների պարագայում շուրջ 275 հազար է, անհատական բնակելի տների պարագայում՝ շուրջ 285 հազար: Այս մասին այսօր ԱԺ-ում  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այլ գույքային միավորների մասով այդ խնդիրը արդիական չէ, որովհետև չհարկվող շեմ մյուսների դեպքում չի կիրառվում:

«Առաջարկվող փոփոխությունները կատարելուց հետո նշածս թվաքանակով գույքային միավորները կսկսեն համարվել որպես գույքային հարկերով հարկման օբյեկտ, և գույքային հարկը հավաքագրելու համար պետք է իրականացնել որոշակի վարչարարություն: Այստեղ վարչարարաությունը ենթադրում է հարկի հաշվարկման համար ելակետային տվյալների փոխանցում համայնքներին, որոնք ունի Կադաստրի կոմիտեն, ու միասնական կանոններով աշխատող ծրագրային համակարգ»,-  ընդգծեց Արման Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը, ինչպես նաև հարկ սահմանել 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար:

  • Կիսվել: