ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
450 միլիոն դոլարի ներդրում սառեցված է. փոխնախարար

450 միլիոն դոլարի ներդրում սառեցված է. փոխնախարար

Ազգային ժողովն այսօր քննարկեց Կառավարության ներկայացրած՝ «Վարչական  դատավարության» օրենսգրքում և «Վարչարարության հիմունքների, վարչական վարույթի» օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթն առաջին  ընթերցմամբ ընդունելու հարցը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացնելով նախագծերի փաթեթն՝ ասաց, որ շինարարական թույլտվությունների հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը:

Նրա խոսքով՝ շուրջ 60 շինթույլտվություն է կասեցվել, որտեղ մոտ 450 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում է այժմ սառած:

Միայն Երևանում 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում: Եվ նման իրավիճակում այս օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտ է: Առաջարկում ենք՝  այն ակտերի վիճարկման դեպքում, երբ  վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը՝ կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք: Վարչական ակտի կասեցումը արվի միայն  միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից  միջնորդությունը բավարարվելու պայմաններում»,- ասաց փոխնախարարը:

Փոփոխությունն ընդունվելու դեպքում նախատեսվում է, որ կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի և կողմերն իրավունք կունենան դատարանին  ներկայացնել  կասեցնելու միջնորդություն, եթե օրենքով  սահմանված հիմքերն առկա են:

  • Կիսվել: