ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ

250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ

Լրատվականներից մեկը, հղում անելով կառավարության այսօրվա նիստում հաստատված ներդրումային համաձայնագրում փոփոխությունների նախագծին, գրել է, որ Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվել է, այն ինչ Երևանում նոր՝ 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը արդեն պետք է կառուցված լիներ և ապահովեր 1000 նոր աշխատատեղեր, գրում է infocheck.am-ը:

Լրագրողը` հղում անելով նախագծի հիմնավորումներին, գրում է, որ նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետ ֆիքսված չէ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նախագծում ՋԷԿ-ի շահագործման ամսաթիվը նշված է։

Այսպես, մարտի 4-ի կառավարության նիստի օրակարգում ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը 16-րդն է, որին կա կցված 4 փաստաթուղթ։ Նախագծում նշված է, որ որոշվում է հավանություն տալ համաձայնագրում փոփոխություններ կատարելուն՝ համաձայն հավելվածի։ Հավելվածի 1-ին հոդվածի 2-րդ կետն էլ իր հերթին սահմանում է՝ «Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ» նշանակել 2021 թվականի օգոստոսի 24-ը:

Մենք կապ հաստատեցինք նաև «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևի հետ։ Վերջինս նշեց, որ ներդրումային ծրագրի անժամկետ հետաձգման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Կորոնավիրուսային համաճարակով, պատերազմական իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված խաթարվել էր Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորությունը և մեր բնականոն աշխատանքը։ Այս ամենը հաշվի առնելով առաջարկել ենք փոքր-ինչ երկարաձգել ժամկետները, սակայն ՋԷԿ-ը, ինչպես և նախատեսված է, 2021 թվականին սահմանված ժամկետներում հանձնվելու է շահագործման»- ասաց Գեղամ Բակլաչևը ։

 

  • Կիսվել: