երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է. ԿԲ

2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է. ԿԲ

ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:

«2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է՝ մարտին կազմելով 3.3%: Միաժամանակ, 12- ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է՝ դեռևս պահպանվելով թիրախից ցածր՝ 2.0% մակարդակում: 2025 թ․ երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում, զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են:

ԱՄՆ տնտեսական քաղաքականության, հատկապես առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս պայմաններում, միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր: Մյուս կողմից՝ միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային գնաճային ռիսկերը պահպանվում են:

Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները:

Այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները և ընդհանուր բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:

2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Ակտիվության աճին շարունակել են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր»,-նշված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: