չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
2025-ից 120 երկրների հետ փոխադարձաբար կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում. ՊԵԿ

2025-ից 120 երկրների հետ փոխադարձաբար կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին։ Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու՝ ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։

ՊԵԿ-ից հայտնում են, որ տեղեկատվության առաջին փոխանակումը 2025 թվականից է․ Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ անգամ, փոխադարձության սկզբունքով իրականացնելու է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում։ ՀՀ ռեզիդենտ և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով հարկային մարմին կներկայացնեն օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը։

Միասնական հաշվետվողական ստանդարտի կիրարկմանն ընդառաջ՝ արդեն իսկ համապատասխան փոփոխություններ են կատարվել  Հարկային օրենսգրքում։ Հայաստանը միացել է նաև իրավական հիմք հանդիսացող միջազգային պայմանագրերին, մասնավորապես, «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագրին, որով սահմանվում է նաև համաձայնագրին միացած այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանը պետք է իրականացնի նման փոխանակում։ Միջազգային պայմանագրերը տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնի «Միջազգային հարկային պայմանագրեր» մասի «Այլ պայմանագրեր» ենթաբաժնում:

Կարևորելով հարկային մարմինների միջև փոխանակվող տեղեկատվության գաղտնիության ապահովումը, Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ հաջողությամբ ներդրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգը (ISM)։ Միաժամանակ, կոմիտեն ակտիվ աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիական հագեցվածությունն ապահովելու նպատակով, մասնավորապես, ՏՀԶԿ տվյալների փոխանցման հատուկ  համակարգի (CTS) կիրառման ուղղությամբ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: