2025-ի մարտին 41 հազարով ավելի աշխատատեղ է գրանցվել 2024-ի մարտի համեմատ. Փաշինյանը ցուցանիշը կապում է հայտարարագրման համակարգի հետ
2025 թվականի մարտին արձանագրվել է 782.100 աշխատատեղ, որը նախորդ տարվա մարտի համեմատ ավելի է 41 հազար աշխատատեղով: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ աշխատատեղերի բացարձակ ռեկորդն արձանագրվել է 2023 թվականի նոյեմբերին:
«Այս տարվա մարտի ցուցանիշը՝ 782.100-ը, բացարձակ ռեկորդից հետո երկրորդ ցուցանիշն է»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ ամենևին բացառված չէ, որ այս գործում որոշակի դեր է ունեցել համընդհանուր հայտարարագրման համակարգը, այն է՝ քաղաքացիները սոցիալական կրեդիտներ ստանալու ակնկալիքով գործատուների վրա «կառուցողական ճնշում են գործադրել», որպեսզի աշխատատեղերը պատշաճ ձևով գրանցեն:
«Մենք քաղաքացիների այս գործելակերպը ողջունում ենք»,- հայտարարեց Փաշինյանը: