2024 թվականին պետությանը և համայնքներին պատճառված ավելի քան 42 մլրդ դրամի վնաս է վերականգնվել
2024 թվականի ընթացքում ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով պետությանը և համայնքներին պատճառված շուրջ 42 միլիարդ ՀՀ դրամի վնաս է վերականգնվել։
Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։
Ըստ հաղորդագրության՝ վերականգնված վնասի գերակշիռ մասը՝ շուրջ 37 միլիարդ 600 միլիոն դրամը, վերականգնվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակում։
Համեմատության համար՝ 2023 թվականին վերականգնվել էր շուրջ 34 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս։
Այսպիսով, 2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է ավելի քան 7 միլիարդ 500 միլիոն դրամով ավելի գումար։