ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2023 թվականին Հայաստանի գործարար ակտիվությունը կշարունակի աճել․ Մանասերյան

2023 թվականին Հայաստանի գործարար ակտիվությունը կշարունակի աճել․ Մանասերյան

Ռուսական ռուբլու արժեզրկումը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը նվազել է, դրա արդյունքում Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալները կրճատվում են, իսկ ռուբլու արժեզրկման պատճառով հայկական արտադրանքը կարող է դառնալ անմրցունակ ռուսական շուկայում։ Նման կարծիք  «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում հրապարակային դասախոսության ժամանակ հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Ըստ նրա՝ ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականին մեծ է։ «Իսկ նման իրավիճակում ներդրումները նույնպես կնվազեն, քանի որ նման պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը չի կարող նույն տեմպերով ներդրումային ծրագրեր իրականացնել մեր երկրում։ Ռուսական կապիտալը մեծ մասնաբաժին ունի նաև բանկային համակարգում, ուստի այստեղ էլ կարող են նաև խնդիրներ առաջանալ։ Իսկ եթե պատժամիջոցները երկար պահպանվեն, ապա խնդիրները կարող են մեծանալ։ Իհարկե, Ռուսաստանը այն երկիրը չէ, որտեղ պատժամիջոցները միակողմանի ազդեցություն կունենան»,- նկատեց փարձագետը։

Նրա կարծիքով, 2022 թվականի որոշ միտումներ կարող են շարունակվել մինչև 2023 թվականը։ «Վստահ կարելի է կանխատեսել գործարար ակտիվության հետագա աճ, որն այս անգամ կարող է լինել ինը տոկոսից ցածր, եթե չլինեն արտաքին նպաստող գործոններ և նախադրյալներ: Մեր կանխատեսումները թվերով որոշակիորեն տարբերվում են միջազգային ազդեցիկ կազմակերպությունների կանխատեսումներից, սակայն դրանք համընկնում են դրական միտումների կանխատեսումների հետ։ Այսպես, ՎԶԵԲ-ն անցած տարվա սեպտեմբերին կանխատեսել էր Հայաստանի տնտեսության 8% աճ 2022 թվականին, իսկ 2023 թվականին՝ տեմպերի դանդաղում մինչև 4%։ Այս փուլում նշված կանխատեսումը մնում է անփոփոխ՝ 4% մակարդակում։ Առևտրի և ծառայությունների աճը երկնիշ է. Ռուսաստանից զգալի թվով մարդկանց և բիզնեսների ներհոսքը մեծացրել է ծառայությունների պահանջարկը՝ զուգորդված տրանսֆերտների ներհոսքի զգալի աճով։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2022 թվականին հանրապետության ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 14%։ Պետական ​​բյուջեով նախատեսված էր 7% աճի ցուցանիշ, ինչպես նաև գնաճի 4% աճ (± 1,5%): ) Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել է 11%, Համաշխարհային բանկը (ՀԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ մինչև 7%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 8%, իսկ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ 12,5%։ ($1 — 395,88 դրամ փոխարժեքի դեպքում):Անցած տարվա դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել էր, որ 2022 թվականի վերջում երկրի տնտեսությունը կաճի 12,9%-ով, իսկ գնաճը կկազմի 9-9,5%։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,1%»,- պարզաբանեց Մանասերյանը։

Նրա կանխատեսմամբ, հավասարակշռված և նպատակաուղղված տնտեսական քաղաքականության դեպքում Հայաստանում կարող են շարունակվել դրական միտումները։ «Կարելի է նաև կանխատեսել, որ եթե կառավարությանը հաջողվի գրավիչ պայմաններ ստեղծել Ռուսաստանից եկած ձեռներեցների համար, ապա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կնքումից հետո, եթե մնա ներդրված կապիտալի նույնիսկ 10%-ը, Հայաստանի տնտեսությունը կկարողանա պահպանել կայուն աճի տեմպերը։ Ի վերջո, կարևոր է, որ գործարար ակտիվության աճի ձեռք բերված մակարդակը պահպանվի։ Երկարաժամկետ տնտեսական աճի հեռանկարները բարելավելու համար կառավարությունը և մասնավոր հատվածը պետք է մեծ ուշադրություն դարձնեն գործարար միջավայրի դիմադրողականության ձևավորմանը, արդյունավետ տնտեսական դիվերսիֆիկացմանը և կառավարման բարելավմանը»,- եզրափակեց փորձագետը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: