2023 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3 տոկոս. Մարտին Գալստյան
2023 թվականի հունիսի 13-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով սահմանված 10.5 տոկոսով։ Հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Գալստյանը շեշտեց, որ գնաճն արագ տեմպերով նվազել է. «2023 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1 տոկոս: 2023 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են և 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել: Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում, ուստի գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում կշարունակեն զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների ներքո պահանջարկի շարունակական թուլացումը նպաստում է ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը, արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են էականորեն թուլանալ»:
ԿԲ նախագահն ընդգծեց, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտում արձանագրված բարձր աճերը. «Աշխատանքի շուկայում դիտարկվող դրական տեղաշարժերը և արտադրողականության աճը պայմանավորում են նաև տնտեսության ներուժային աճի որոշակի ավելացում: Մյուս կողմից պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը դրականորեն են նպաստում պահանջարկի ընդլայնմանը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակվում է արագ տեմպող մեղմվել, այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում»: