2022թ. սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 7.9 մլրդ դրամ կհատկացվի. Սանոսյան
ՀՀ կառավարությունը շուրջ 8 մլրդ գումար կտրամադրի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար։ Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«2019 թվականին իրականացվել է 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, իսկ նախորդ տարի` 36.6 մլրդ դրամ։ Վաղը կառավարության նիստում նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար 7.9 մլրդ գումար կտրամադրվի։ Տարեցտարի այդ ծրագրերը շարունակում են հսկայական դերակատարում ունենալ ՀՀ համայնքների համար։ Կառավարությունը հանձնառություն ունի մասնակցելու համայնքներում որևէ ենթակառուցվածք բարելավելու գործընթացին և ըստ առաջնահերթության տրամադրելու այդ գումարը։ Այն ոլորտները, որոնք առաջնային են, մենք փորձում ենք այդտեղ մեծացնել կառավարության մասնաբաժինը, որպեսզի մեր համայնքային ավագանիները, հանրային լսումների ժամանակ էլ բնակիչները ուշադրություն դարձնեն այդ ծրագրերին։ Դրա ամենավառ օրինակը մանկապարտեզներն են»,– նշեց Սանոսյանը։
Նա շեշտեց, որ իրենց համար թիրախային են մանկապարտեզների կառուցումը, ինչի հետ կապված էլ կառավարության մասնաբաժինն այս գործընթացում հասցվել է 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում` մինչև 85 տոկոս։