շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2022 թ. իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 տոկոս

2022 թ. իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 տոկոս

12-ամսյա գնաճը 2022 թվականի մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3 տոկոսի, իսկ այնուհետեւ, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է եւ տարեվերջին կազմել 8.3 տոկոս: Այս մասին փաստել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

 

Նշվել է, որ իրականացվող հետեւողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ 2023 թվականի երկրորդ կեսից գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա եւ կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:

 

2022 թվականի մարտից դեկտեմբեր ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի անվանական արժեւորումը կազմել է մոտ 20 տոկոս՝ էականորեն նպաստելով արտաքին պահանջարկի ազդեցությամբ գնաճային միջավայրի ընդլայնման մեղմմանը:

ԿԲ նախագահի տեղակալը նաեւ նշել է, որ Հայաստանում պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը, որոնց էականորեն նպաստում են ծառայությունների ոլորտում ձեւավորված արտաքին բարձր պահանջարկը, ինչպես նաեւ շինարարության ճյուղի աճը:

Նշվել է, որ 2022 թվականին ՀՀ մակրոտնտեսական միջավայրը եւ հատկապես գնաճային զարգացումները մեծապես կրել են փետրվարի վերջից սրված ռուս-ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված տարբեր պատժամիջոցների եւ դրանցից ածանցված աննախադեպ մեծ անորոշությունների ազդեցությունները:

2022 թվականի ընթացքում միջազգային այցելուների եւ ֆինանսական հոսքերի էական աճի արդյունքում ՀՀ դրամի փոխարժեքն անվանական եւ իրական արտահայտությամբ էականորեն արժեւորվել է:

Նշվել է նաեւ, որ արտաքին պահանջարկի աճին զուգահեռ դրսեւորվող ՀՀ դրամի արժեւորումը, 2022 թվականի երրորդ եռամսյակից սկսած, նշանակալիորեն զսպել է ներմուծված ապրանքների գների աճը:

 

2022 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 12.8 տոկոսը, որը փոքր-ինչ ցածր է եղել ԿԲ նախորդ ծրագրի գնահատականից, սակայն դեռեւս մնում է բարձր: Վերջինիս հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտում պահպանվող բարձր արտաքին պահանջարկը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը պատասխանել է հանձնաժողովականների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են գնաճին, դրամի արժեւորմանը, դրամավարկային քաղաքականությանը, միջազգային ներդրումներին եւ այլն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Դավիթ Առուշանյանի հարցերն առնչվել են մեր երկրի նկատմամբ հնարավոր սանկցիաների կիրառմանը: Արմեն Նուրբեկյանը պատասխանել է, որ սանկցիաները մեզ համար առաջնահերթություն են, ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանի ֆինանսական համակարգը զերծ մնա սանկցիաներից: «Կառավարության գործընկերների հետ համատեղ շարունակական քննարկումներ ենք ունենում այդ հարցով»,- ասել է Արմեն Նուրբեկյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատել ԿԲ-ի հաշվետվությունը, առաջարկել է օրենսդրորեն կարգավորել կառուցապատման հետ կապված առկա խնդիրները՝ խուսափելու համար այս ոլորտում հնարավոր ճգնաժամից:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը խոսել է շինարարության ոլորտի խնդիրներից, կիսվել մտահոգություններով: «Մեզանում առկա է ստանդարտների խնդիր: Այդ հարցը պետք է լուծվի, քանի որ յուրաքանչյուր ստանդարտ իր հետ ռիսկեր է նվազեցնում»,- շեշտել է հանձնաժողովի նախագահը:

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Հանձնաժողովը որոշում է կայացրել մայիսի 18-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների մասին Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով:

  • Կիսվել: