շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2022-ին Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մոտ 108-110 000 ռուսաստանցի. Քերոբյանը՝ Ведомости-ին

2022-ին Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մոտ 108-110 000 ռուսաստանցի. Քերոբյանը՝ Ведомости-ին

2022 թվականին Ռուսաստանից Հայաստան է ժամանել մոտ 108-110 հազար ռուսաստանցի, ինչի մասին Ведомости պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2022 թվականի համար զուտ վերաբնակեցումը կազմում է մոտավորապես 108-110 հազար քաղաքացի։ Այսինքն՝ այդքան ռուսաստանցի է եկել Հայաստան ու մնացել մշտական բնակության։ Բացի այդ, անցած տարի գրանցվել է մոտ 2,5 հազար իրավաբանական անձ՝ ռուսաստանցի մասնակիցներով՝ չհաշված անհատ ձեռնարկատերերի տեսքով գրանցված 4 հազար բիզնես»,- մանրամասնել է նախարարը։

Ռուսաստանցիների ռելոկացիայի և ռուսական բիզնեսների Հայաստան տեղափոխման արդյունքում երկրի տնտեսությունը շատ բարձր աճի տեմպեր է գրանցել, ընդգծել է Քերոբյանը։ Միջին հաշվով, ըստ նրա, ռուսաստանցիները տարեկան բացում են 500 բիզնես։

«Ապրիլ-օգոստոս ամիսներին տնտեսությունը շարժվել է մոտավորապես 18 տոկոսի մակարդակով։ Սակայն սեպտեմբերին Ադրբեջանի հետ էսկալացիայի հերթական փուլ եղավ։ Այդ օրերին շատերը լքեցին Հայաստանը, մի շարք միջոցառումներ կասեցվեցին։ Մենք վերադարձանք 12 տոկոս ցուցանիշին»,- հավելել է նա։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ երկրի ՀՆԱ-ն 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 12,6%-ով։ Վահան Քերոբյանը նշել է, որ այս 12,6%-ից 3 տոկոսային կետն ապահովել է ռուսաստանցիների տեղափոխումը: Հաճախորդների միջոցների լրացուցիչ ներհոսքը Հայաստանի բանկային համակարգ 2022 թվականին կազմել է 3 մլրդ դոլար։

Քերոբյանը նաև ասել է, որ Մոսկվան և Երևանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով և եվրոյով հաշվարկներից և օգտագործում են ազգային արժույթները։ Նախարարը նշել է, որ այս հարցում դրամն առայժմ ավելի նախընտրելի է, քանի որ այն, ի տարբերություն ռուբլու, պակաս անկայուն է դոլարի նկատմամբ և բացի այդ, վերջին մեկ տարվա ընթացքում դոլարի նկատմամբ ամրապնդվել է գրեթե 20 տոկոսով։

Ամռանը, ինչպես խոստովանել է նախարարը, ռուսաստանցիները Հայաստանի տարածքով կկարողանան Թուրքիա մեկնել։ Պետությունների միջև սահմանը փակ է արդեն 35 տարի, սակայն Անկարայի հետ արդեն պայմանավորվածություն կա բացել այն երրորդ երկրների քաղաքացիների համար։

  • Կիսվել: