երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2022-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության որոշման նախագիծը Կառավարության հավանությանն է արժանացել

2022-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության որոշման նախագիծը Կառավարության հավանությանն է արժանացել

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
 
Նախորդ տարվա բյուջեի կատարողականի ուշագրավ ցուցանիշներն են՝
  • 2022 թվականին գրանցվել է 12.6% տնտեսական աճ.
  • նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 %ով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը՝ 11,9 %-ով կամ 238,3 մլրդ դրամով.
  • 2022 թվականին տնտեսության արտաքին դիրքի զգալի բարելավման արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,9 %-ը.
  • պետական բյուջեի ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 21,9%, իսկ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 4,6%:
Հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովելու ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում:
 
Արդյունքում բյուջեով պլանավորված` ՀՆԱ-ի նկատմամբ 3,0% պակասուրդը տարվա ընթացքում վերանայվել է դեպի ներքև և փաստացի կազմել է 2,1%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով:
 
Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46,7%՝ կանխատեսված 60,2%-ի փոխարեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 13,6 տոկոսային կետով:
 
ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,969.7 մլրդ դրամ (10,086.4 մլն ԱՄՆ դոլար):
 
Կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ:

  • Կիսվել: