երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2019 թ-ին գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը մեր մեծ տարածաշրջանում․ Փաշինյան

2019 թ-ին գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը մեր մեծ տարածաշրջանում․ Փաշինյան

Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կառավարության ծրագրի առանցքային դրույթներից է զբաղվածության խթանումն ու աղքատության կրճատումը։

«Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար։ Այսինքն՝ 2019 թվականին մենք մեր մեծ տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը»,- հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, 2019 թվականին տնտեսության աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։

Ըստ նրա, ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12 տոկոս։ «2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջաատար ճյուղը»,- ասաց նա։

Նշվեց նաև, որ ամենաբարձր տնտեսական աճն արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով։

Անդրադառնալով զբոսաշրջությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7 տոկոսով։

Ներկայացնելով արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները՝ վարչապետը նշեց, որ Հայաստանից ապրանքների և ծառայությունների  արտահանումը 2019 թվականին աճել է 10,3 տոկոսով։ Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի՝ 29,4, մրգային գինիների՝ 70,2 տոկոս, խաղողի գինու՝ 25,3 տոկոս, բուսական ծագմամբ արտադրանքի՝ 14,3 տոկոս, ապրանքախմբերով։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում էլ, ըստ վարչապետի, 2019 թ-ին գրանցվել է շրջանառության շուրջ 30 տոկոս աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, ինչպես նաև էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26,9 տոկոսով, բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13,3 տոկոսով։

  • Կիսվել: