շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2019-ին  գնաճը ձևավորվել է ծրագրավորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում. ԿԲ նախագահ

2019-ին գնաճը ձևավորվել է ծրագրավորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկը շարունակում է հավատարիմ մնալ գների ու ֆինանսական կայունության իր առաքելությանը, ինչը հանդիսանում է ցանկացած երկրի տնտեսական զարգացման կարևորագույն գրավականներից մեկը։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ:

Ներկայացնելով որոշ ցուցանիշներ՝ ԿԲ նախագահը  նախ նշեց, որ 2018-ի վերջին ՀՀ-ում գնաճը կազմել էր 1,8 տոկոս, իսկ  2019-ի սկզբին մշակված դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ ԿԲ-ն նախապատվություն էր տալիս գնաճի աստիճանական վերականգնմանը՝ գնահատելով, որ ցածր գնաճը ձևավորված միջավայրում նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարխսմանը և գների կայունության ամրապնդմանը:

Սակայն, ըստ նրա, տարվա ընթացքում գնաճը ձևավորվել է իր ծրագրավորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում, որը պայմանավորված է մի քանի գործոններով։

Առաջինը, ինչպես նշեց Մարտին Գալստյանը, այն է, որ 2019-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը շատ ավելի զսպող էր, քան նախատեսված էր Պետական բյուջեի մասին օրենքով:

Երկրորդը, ըստ նրա, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմներով պայմանավորված՝ արտաքին աշխարհում սպասվածից թույլ պահանջարկ էր ձևավորվել: Ինչպես նաև համաշխարհային հումքային և պարենային  շուկաներում գների կանխատեսվածից ավելի ցածր մակարդակ կար:

«Միաժամանակ ԿԲ-ի վերլուծությունները ցույց են տվել, որ ցածր գնաճին նպաստում են նաև որոշակի կառուցվածքային  գործոններ, ինչպիսիք են՝ մասնավորապես կառավարության կողմից  իրականացվող բարեփոխումների ներքո առանձին ապրանքային շուկաներում շարունակաբար ավելացող մրցակցության արդյունքում կազմակերպությունների հավելադիրների որոշակի նվազումը,  սպառողական պահանջարկի տեղաշարժը երկարաժամկետ օգտագործման ապրանքների՝ մասնավորապես ավտոմեքենաների ուղղությամբ: Այս ամենի արդյունքում դիտվել է համախառն պահանջարկի թուլացում, և մենք տարին ամփոփեցինք  թե ընհդանուր, թե բնականոն գնաճի՝ ծրագրավորվածից ցածր ցուցանիշներով։Երկուսի դեպքում էլ արձանագրվել է 0,7% մակարդակ»,- ընդգծեց Մարտին Գալստյանը։

Նա նաև ասաց, որ ԿԲ-ն տարվա երկրորդ կեսին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6-ից իջեցնելով 5,5%-ի:

  • Կիսվել: