ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
2018-ի համեմատ 2024 թվականին պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է. Փաշինյանը՝ 2024-ի պետբուջեի նախագծի մասին

2018-ի համեմատ 2024 թվականին պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է. Փաշինյանը՝ 2024-ի պետբուջեի նախագծի մասին

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարով տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում ապահովենք արժանապատիվ կեցությունը ՀՀ-ում:

Այս պահին չունենալով հստակ պատկերացում Հայաստան տեղափոխվել ցանկացողների թվի մասին՝ մենք բյուջեում սահմանել ենք առանձին տող ԼՂ-ից բռնագաղթած անձանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 միլիարդ դրամ, որի մեծությունը բյուջեի քննարկման հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2018 թվականից հետո բյուջեի եկամտային մասի աճի տվյալները՝ ընդգծելով, որ 2018 թվականի համեմատ 2019 թվականին բյուջեի եկամտային մասն աճել է մոտավորապես 400 միլիոն դոլարով, 2020-ին 2018 թվականի համեմատ աճել է մոտ 800 միլիոն դոլարով: 2021 թվականին 2018-ի համեմատ բյուջեի եկամտային մասն աճել է շուրջ 1 միլիարդ դոլարով, իսկ 2022-ին 2018-ի համեմատ՝ շուրջ 2 միլիարդ դոլարով:  

«2023-ին մենք սպասում ենք շուրջ 3 միլիարդ դոլարով ավելի եկամուտ, քան Հայաստանի բյուջեն ունեցել է 2018 թվականին: Իսկ 2024-ին պլանավորվածին, որը, իհարկե, 2023-ի հետ պետք է իրականացնենք, սպասում ենք շուրջ 4 միլիարդ դոլարով ավելի եկամուտ, համենայն դեպս, պլանավորել ենք, քան 2018 թվականին»,- ասաց վարչապետը և ամփոփեց՝ 2018-ի համեմատ 2024 թվականին պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է:

  • Կիսվել: