ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
11 ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջեն պրոֆիցիտով է եղել, ինչը զավեշտ է. Բագրատ Ասատրյան

11 ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջեն պրոֆիցիտով է եղել, ինչը զավեշտ է. Բագրատ Ասատրյան

2019 թվականին արտահանման աճի տեմպը ցածր է եղել ներմուծման ծավալներից, ինչն անհանգստացնող է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Անդրադառնալով արտաքին առևտրի կառուցվածքին՝ տնտեսագետը նշեց, որ առևտրի աշխարհագրության տեսակետից նվազում են ԵՄ-ի հետ առևտրի ցուցանիշները՝ ի հաշիվ ԵԱՏՄ-ի: «Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ն հավելյալ հնարավորություն է արտաքին առևտրի համար, բայց սա մեզ պետք է անհանգստացնի: Մեզ պետք է անհանգստացնի նաև Հայաստանը Ռուսաստանին կապող Լարսի ճանապարհը»,- ընդգծեց նա։

Տնտեսագետն ասաց, որ անցած շաբաթ եղել է Վրաստանում, տեսել է ճանապարհը, որով Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ. «Դա դժոխքի ճանապարհ է: Դա այն ճանապարհը չէ, որը կարող է ապահովել տնտեսական քիչ թե շատ խելամիտ զարգացում: Ես տեսել եմ հայկական հարյուրավոր կանգնած ավտոմեքենաները»:

Խոսելով բանկային համակարգի մասին, Բագրատ Ասատրյանը նշեց, որ այս ոլորտում աճի տեմպերը շատ ավելի բարձր են եղել, քան ընդհանուր տնտեսական աճի տեմպը։

Նրա խոսքով՝ 2019թ-ին բանկային համակարգում կապիտալի էական աճ է տեղի ունեցել, մոտավորապես 10 տոկոս, իսկ ակտիվների աճը՝ մոտ 17 տոկոս: «Սա խոսում է այն մասին, որ բնակչության մոտ կան սպասումներ, որ վաղը ավելի լավ է լինելու, քան երեկ էր, այսօր է: Իշխանությունը պետք է աչալուրջ լինի այդ սպասումների առումով, հակառակ դեպքում բոլորս էլ հասկանում ենք, թե ինչքան վատ կարող է լինել»,- նշեց նա։

Անդրադառնալով 2019թ-ի բյուջեի ցուցանիշներին՝ ԿԲ նախկին նախագահը նկատեց, որ նախորդ տարվա բյուջեի եկամուտների ծրագրավորվածից ավելի բարձր աճ ունենալու պարագայում ծախսերի ծրագիրը բավարար մակարդակով չի կատարվել: Ընդ որում, ծախսերի մեծ մասը կատարվել է վերջին ամսում. «11 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն պրոֆիցիտով է եղել։ Սա զավեշտ է, հեգնանք է՝ տնտեսական իրողությունների նկատմամբ»,- նշեց նա։ 

 

  • Կիսվել: