շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԶՈՒ հետախուզության նախկին պետն ԱԱԾ մեկուսարանից հայտարարություն է տարածել

ԶՈՒ հետախուզության նախկին պետն ԱԱԾ մեկուսարանից հայտարարություն է տարածել

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որը նա արել է ԱԱԾ մեկուսարանից․

«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հրամանատարության ներքո գործող երկրորդ բանակային կորպուսը եղել է այն եզակի ստորաբաժանումներից մեկը, որի պաշտպանության հատվածում 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել և չի գրավել որևէ մարտական դիրք: Հիմա, որքան էլ զավեշտալի է հնչում, ինձ մեղադրում են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, ինչի հետևանքով, ըստ նախաքննության մարմնի, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի որոշ հատվածներով անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս: Թեև, ի սկզբանե ներկայացված մեղադրանքը եղել է իրավաբանորեն անհիմն և մերկապարանոց, այնուամենայնիվ, նախաքննության ողջ ընթացքում ես հանդես չեմ եկել հայտարարություններով՝ լիահույս լինելով, որ, ի վերջո, վարույթ իրականացնող մարմինն էլ կգիտակցի, որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն է և չի դիմանում ողջամիտ քննադատության»։ Մանրամասները՝ փաստաթղթերում․

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 15-ին գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԶՈՒ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի գործով, և գործն ուղարկել է դատարան։ Նշենք, որ գեներալ-մայորն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է։

Դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաեւ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռեւս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Արդյունքում ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետեւանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Հսկող դատախազի որոշմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):

  • Կիսվել: