հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռազմական վարժարանն առաջին անգամ դռներն է բացում աղջիկների առաջ

Ռազմական վարժարանն առաջին անգամ դռներն է բացում աղջիկների առաջ

Պարզաբանում է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը

-Պարոն Բալայան, բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում մենք տարիներ շարունակ ունենք նաև աղջիկ կուրսանտներ, ավելին՝ շրջանավարտներ, որոնք տարբեր զորամասերում արդեն դասակի հրամանատարի պաշտոններ են զբաղեցնում: Ինչպե՞ս որոշվեց բացել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դռները աղջիկ սաների առաջ:

-Երբ ես նշանակվեցի հոգաբարձուների խորհրդի անդամ, եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ, հենց առաջին նիստին արդեն իսկ խորհրդի որոշ անդամներ բարձրաձայնեցին այդ հարցը: Մենք որոշակի առումով աշխատանքներ տարանք, այսինքն՝ հիմնադրամի գործադիր տնօրենին հոգաբարձուների խորհուրդը հանձնարարեց, որ ուսումնասիրվեն նախ պայմանները, ապա  դիմորդների առկայության հարցը. թե արդյոք կա՞ն աղջիկներ, որոնք կցանկանան սովորել: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին նիստի, այդ թվում՝ հեռավար նիստերի ժամանակ, մենք այդ քննարկումներն իրականացրել ենք եւ կարողացել ենք իրականացնել տեսլականը, եւ կիրառական առումով պատկերացնել, թե ինչպես են այդ դասընթացները կազմակերպվելու, ինչ առանձնահատկություններ կան, նման հաստատությունների միջազգային փորձն ենք ուսումնասիրել: Եվ, ի վերջո, խորհուրդը որոշում կայացրեց այս  տարի առաջին անգամ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում իրականացնել նաեւ աղջիկների ընդունելություն:

-Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում գործ ունենք չափահաս մարդկանց հետ: Այս դեպքում, անչափահասների հետ կապված այստեղ որեւէ խնդիր չե՞ք տեսնում:

-2018թ. մենք ունեինք մի շարք մտավախություններ, մասնավորապես՝ նրանց կեցության, նաեւ կարգապահության առումով: Սակայն, վարժարանի տնօրենի բերած փաստարկները՝ հանգստի, առօրյայի, կենցաղի, դասընթացների կազմակերպման վերաբերյալ բավականին համոզիչ էին, և հոգաբարձուների խորհուրդն այդ որոշումը կայացրեց:

-Արդյոք աղջիկ դիմորդներն ունենալո՞ւ  են որևէ  արտոնություն: Ինչպե՞ս է կազմակերպվելու աղջիկ կուրսանտների ուսուցման գործընթացը: Կխնդրեի մանրամասնել նաեւ կեցության պայմանները:

-Իհարկե, առանձնահատկություններ կան տեսական, ֆիզիկական պատրաստության առումով, սակայն գիտելիքների ստուգման հարցում աղջիկ դիմորդների համար արտոնություններ նախատեսված չեն: Ինչ վերաբերում է կեցությանը, ապա ասեմ, որ դրա ապահովման համար  տարածք է առանձնացված, քանի որ մենք բավականաչափ փորձ ունենք ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում աղջիկների կենցաղի, հանգստի, այդ թվում նաեւ գիշերակացի կազմակերպման: Նույն ձեւաչափով առանձին, բավականին լավ պայմաններով համապատասխան շինություն է հատկացված, որտեղ կազմակերպվելու է աղջիկների դասակի կենցաղը, իհարկե, տղաների դասակից առանձին:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա ընդունելության քննություններից եւ մասնավորապես՝ աղջիկ դիմորդներից:

-Մենք նախատեսում ենք, որ այս տարի առնվազն կունենանք աղջիկների մեկ դասակ: Արդեն իսկ  հաստիքացուցակում կատարվել են փոփոխություններ՝ կապված աղջիկների դասակի հրամանատարական կազմի հետ:  Հաստիքներ են ավելացվել: Կենցաղային պայմանների հետ կապված՝ որոշակի նրբություններ եւ առանձնահատկություններ հաշվի առնելով, վարժարանի տնօրինությունը որոշակի աշխատանք է իրականացրել,  տեխնիկական միջոցներ է  ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի առաջադրված  խնդիրները կատարել:

Առաջին հերթին՝ նախատեսում ենք կարգապահության բարձրացում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ աղջիկ եւ կին հրամանատարների առկայության դեպքում զինծառայողներն ավելի կարգապահ են և զուսպ: Մեր կառավարության քաղաքականությունն է՝ ծառայության համար հավասար պայմաններ ապահովելով, զինված ուժերում կանանց ներգրավվածությունը հնարավորինս ամրապնդել ու զարգացնել: Այն արդեն իսկ մի քանի օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերով կանոնակարգված է, եւ կարող ենք արձանագրել, որ գոնե իրավական առումով զինված ուժերում այդ առումով այլևս խնդիր չունենք: Մնում է կիրառական առումով դա իրականացնել, եւ մեր այս քայլերը միտված են, որպեսզի ապահովվեն օրենսդրությամբ ամրագրված այն հավասար իրավունքներն ու պարտականությունները, որոնք կան կանանց ու տղամարդկանց համար:

-Վերջին հարցը, պարոն փոխնախարար. հաշվի առնելով առկա համաճարակային իրավիճակը՝ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու ընդունելության ընթացքում:

-Մենք մի քանի անգամ դրա մասին հայտարարել ենք, և հատուկ ուզում եմ շեշտել, որ ռազմամարզական վարժարանի տարածքն ամբողջությամբ, ամեն քառակուսի սանտիմետրը, դրսից թե ներսից, ախտահանվել է մի քանի անգամ զինված ուժերի համապատասխան ծառայության կողմից: Մենք համոզված ենք, որ այդ խնդրում որեւիցե խոչընդոտ չունենք: Հաշվի առնելով թագավարակի հետ կապված որոշ  առանձնահատկություններ՝ կարողացել ենք նաեւ վերականգնել ուսումնական գործընթացը, մասնավորապես՝ ավարտական դասարանի համար, եւ փառք Աստծո, մինչ  օրս որեւէ դեպք չի գրանցվել, որովհետեւ ախտահանումը կատարվել է մի քանի փուլով և ամենաբարձր մակարդակով: Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում թագավարակով հիվանդ ընդհանրապես չի եղել: Այնտեղ ընդամենը մեկուսացվել են մեր այն հայրենակիցները, որոնք արտակարգ դրության օրերին հայրենիք էին վերադարձել արտերկրից:

Հարկ է նշել, որ վարժարանն ապահովված է համապատասխան հանձնաժողովներով եւ աշխատակազմով, ինչպես նաև սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային բոլոր միջոցներով, եւ մենք մեր համապատասխան ծառայություններին հաճախ անակնկալ ստուգայցերի ենք ուղարկում՝ տեղում  տեղեկանալու, թե ինչ իրավիճակ է իրականում: Եվ որեւիցե խնդիր առ այսօր չի արձանագրվել:

  • Կիսվել: