երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ովքե՞ր կմասնակցեն օգոստոսի 25-ին մեկնարկող հավաքներին և ո՞վ իրավունք ունի չմասնակցելու. ՊՆ

Ովքե՞ր կմասնակցեն օգոստոսի 25-ին մեկնարկող հավաքներին և ո՞վ իրավունք ունի չմասնակցելու. ՊՆ

Օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ, «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը՝ ներկայացնելով, թե ովքեր են ներգրավվելու այդ հավաքներին։

«Առաջին կարգում հիմնականում այն պահեստազորայիններն են, որոնք օրենքով սահմանված կարգով ծառայել են ՀՀ ԶՈՒ-ում, ունեն կոչում՝ շարքայինից մինչև ավագ ենթասպա և ծառայությունից հետո հաշվառվել են զինկոմիսարիատներում՝ ըստ իրենց զինվորական մասնագիտության։ Իսկ կրտսեր սպայական կազմը նաև այն պահեստազորի սպաներն են, որոնք անցել են ռազմական ամբիոններ։ Ինչպես գիտեք, մեր քաղաքացիների մի մասը ծառայել է ԶՈՒ-ում, իսկ մի մասն ստացել է տարկետումներ։ Նրանք նույնպես ներգրավվելու են այս վարժական հավաքներին, բայց տարիքային ցենզը չի գերազանցելու 55 տարեկանը», - մանրամասնել է Ավթանդիլյանը։

ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը հայտնել է, որ հավաքներին չեն ներգրավվելու այն պահեստազորայինները, ովքեր ունեն առողջական խնդիրներ և ազատված են զինվորական ծառայությունից։ Կան նաև այլ դեպքեր։

«Ընտանիքի կազմում փոփոխություն լինելու դեպքում, օրինակ՝ 4 և ավելի երեխա ունենալու պարագայում քաղաքացիները պարտավոր են 7-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկանք իրենց տարածքային ստորաբաժանման ղեկավարին, որպեսզի գրառումը կատարվի, մենք իմանանք նրանց ընտանեկան վիճակը։ Ինչպես նաև առողջական խնդիր ունեցող պահեստազորայինները պարտավոր են իրենց առողջության փոփոխության դեպքում ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք, որպեսզի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, բժշկական հանձնաժողովը, նրանց ուղեգրեն հետազոտման՝ Առողջապահության նախարարության բուժհաստատություն։ Այնուհետև հետազոտման ավարտից հետո զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը որոշում կընդունի քաղաքացու զինվորական պիտանելիության վերաբերյալ», - ասել է նա։

Ավթանդիլյանը նշել է, որ բժշկական հետազոտումից հետո զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիները կներգրավվեն վարժական հավաքներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: