շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր այրվող Հադրութի ֆոնին Հարությունյան Արայիկը փախնողների մի մասի հրամանատարներին խնդրում, աղաչում, որ չգնան. Իոաննիսյան

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր այրվող Հադրութի ֆոնին Հարությունյան Արայիկը փախնողների մի մասի հրամանատարներին խնդրում, աղաչում, որ չգնան. Իոաննիսյան

Երևի երբեք չեմ մոռանա այն հարյուրավոր զինվորներին, որոնք հոկտեմբերի 10-ին փախնում էին Հադրութից: Մեծ մասամբ մոբ էին: Տասնապատիկ ավելի շատ էին, քան այդ օրը Հադրութ մտած ադրբեջանական զորքը, բայց որոշ հրամանատարների արագ փախնելը սարսափելի խուճապ էր առաջացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
 
՛՛Մենք սկզբից չէինք հասկանում, թե իրենք ինչու են Հադրութից գնում դեպի Կարմիր Շուկա, իրենք չէին հասկանում, թե մենք ինչու ենք գնում դեպի Հադրութ: Զարմացած իրար էինք նայում:
Հետո տեսանք, թե ինչպես էր այրվող Հադրութի ֆոնին Հարությունյան Արայիկը փախնողների մի մասի հրամանատարներին խնդրում, աղաչում, որ չգնան... բայց ապարդյուն: Հիմա հասկանում եմ, որ այդ պահից ի վեր պարտությունը անայլընտրանք էր:
 
Բայց պատերազմում կային զինվորականներ ու կամավորներ, որոնք փախչել չգիտեին, որոնք ատամները սեղմած կռվում էին ու որոշ տեղեր նույնիսկ կարողանում էին առաջ գնալ... Ընդ որում, դա, առաջին հերթին, գալիս էր հրամկազմից:
 
Մեր ապագա բանակի առանցքը հենց այդ մարդիկ են կազմելու՝ սպաներ ու գեներալներ, որոնք պաշտոնի ու կոչման համար ոչ թե փող են տվել, այլ կոմպիտենտություն ու դուխ են դրսևորել:
Շնորհավոր, պարոնայք ու, իմիջիայլոց, ոչ պակաս դուխով կռված տիկնայք: Դուք ստեղծելու եք այն բանակը, որը կկարողանա արժանապատիվ պաշտպանություն ապահովել մեր պետականությանն ու հանրությանը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: