ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
«Ո՛չ տղան իմացավ, որ հայրն է զոհվել, ո՛չ էլ հայրն իմացավ, որ տղան է զոհվել»

«Ո՛չ տղան իմացավ, որ հայրն է զոհվել, ո՛չ էլ հայրն իմացավ, որ տղան է զոհվել»

Փարաքարի բնակիչ Ալինա Կարապետյանը արցախյան երկրորդ պատերազմում մեկ օրվա տարբերությամբ կորցրել է ամուսնուն` Էդիկ Կարապետյանին եւ որդուն` 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Կարապետյանին: Արմենը ծառայում էր Խնձորեսկում. երբ պատերազմը սկսվել է, նրան ուղարկել են Ջրական: Մինչ այդ էլ Արմենին ու իր ջոկատին տարել են Ջրական` զորավարժությունների: Արմենը վարորդ է եղել, զինամթերք է մատակարարել կռվողներին: Հերթական անգամ, երբ զինամթերք է տարել սահման, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, հոկտեմբերի 2-ին, Ջրականում:

Հոկտեմբերի 3-ին էլ Քարվաճառում զոհվել է Արմենի հայրը`Էդիկը, որը արցախյան առաջին ազատամարտին էլ է մասնակցել եւ վիրավորվել, ապրիլյան պատերազմին էլ: Էդիկի հետ զոհվել է նաեւ ութ հոգի: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ է Էդիկը կռվել Քարվաճառում: Նա արժանացել է բազմաթիվ պարգեւների: Մինչ այժմ Ալինան եւ նրա երկու դուստրերը խնամքով պահում են Էդիկի մաշված-խունացած օրագրերը, որոնցում նա նշումներ է արել, հուշեր գրել արցախյան առաջին պատերազմի կարեւորագույն իրադարձությունների մասին, այն մասին, թե որ ռազմավարական նշանակության կետերը, որ բարձունքները երբ են գրավել:

Ալինան ճակատագրական է համարում 1988թ. իր եւ Էդիկի ամուսնությունը: Ըստ նրա`այդ օրերից էլ ամուսինն ընտրեց պայքարի ուղին, որը տեւեց մինչեւ նրա զոհվելը:

Իսկ 44-օրյա պատերազմից առաջ, ամռանը, կնոջ հետ զրույցում Էդիկը քանիցս զգուշացրել է, որ պատերազմ է լինելու, քանի որ հողերն արդեն հանձնել են:

Էդիկը չի լսել այն հորդորները, որ ինքը վերջին պատերազմում անելիք չունի, քանի որ այն ավտոմատի կռիվ չէ, իսկ նոր զինատեսակներից ինքը գլուխ չի հանում: Գնացել է, որ լինի իր որդու եւ նրա ընկերների կողքին:

«Ո՛չ տղան իմացավ, որ հայրն է զոհվել, ո՛չ էլ հայրն իմացավ, որ տղան է զոհվել: Ամուսնուս քրոջ տղան էլ հետն էր, ԱԹՍ-ն, որ հարվածել էր, Էդիկը մնացել էր փոսի մեջ, ցանկացել են հետ գալ, որ իրեն հանեն, ինքը չի թողել, երեւի զգացել է, որ տղան զոհվել է: Արմենի դիակը սկզբում չէին տալիս, Գորիսի դիահերձարանում էր, մի կերպ վերցրել ենք ամուսնուս քրոջ տղայի միջոցով »,- ասում է Ալինան:

Պատերազմի օրերին Ալինան եղել է Ռուսաստանում, մեկնել էր Անապա` արտագնա աշխատանքի: Որդին ու ամուսինը զանգելիս վստահեցրել են, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա: Երբ որդին զոհվել է, բարեկամները զանգել-ասել են, որ Արմենը վիրավոր է, Գորիսում, թող գա Հայաստան: Եկել է Հայաստան եւ իմացել, որ տղան մահացել է: Մինչ որոշում են, թե որտեղ հուղարկավորեն Արմենին, պարզվում է, որ ամուսինն էլ է զոհվել: Եվ հիմա հայր ու որդի հուղարկավորված են «Եռաբլուր » պանթեոնում:

Ալինան Forrights.am-ի հետ զրույցում հիշում է, որ ամուսինը դեռ մանկուց երեխաներին կարուսել, զբոսայգի տանելու փոխարեն միշտ «Եռաբլուր » է տարել, հայրենասիրություն դաստիարակել նրանց մեջ, պատմել այնտեղ հուղարկավորված հերոսների մասին: Եվ արցախյան երկրորդ պատերազմում հոր եւ որդու զոհվելն էլ երեւի նախախնամություն էր:

Ալինան պատմում է, որ երբ ընտանիքով գնում են Էդիկի եւ Արմենի գերեզմաններին այցի, մոտենում են Արմենի շիրիմին, իր թոռնուհին` Ռոզին, գնում, չոքում է պապի գերեզմանի մոտ եւ մորը հարցնում. «Մա՛մ, ինչի՞ որ գնում ենք գերեզմաններ, բոլորը Արմենի մոտ են հավաքվում, պապիկին թողնում են մենակ »:

 

  • Կիսվել: