հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր տիեզերական գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում․ Ավետ Պողոսյանը՝ տիեզերք ուղարկված հայկական արբանյակի մասին

Մեր տիեզերական գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում․ Ավետ Պողոսյանը՝ տիեզերք ուղարկված հայկական արբանյակի մասին

Այո՛, գրեթե բոլոր արտադրողների հետ ռազմաարդյունաբերության կոմիտեն կապի մեջ է և շատ լավ համագործակցում են, այդ թվում՝ ՊՆ-ի ներգրավմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք զբաղվում են ԱԹՍ-ների արտադրությամբ կամ հնարավոր է մոտ ապագայում սերիական արտադրություն լինի:

Լրագրողի պնդմանը, թե իրենք հիմնականում բողոքում են նրանից, որ ՊՆ և գերատեսչությունները չեն աջակցում որպեսզի  սերիական թողարկում անեն, փոխնախարարն ասաց, որ բարձրաձայնված խնդիրների մի մասն օբյեկտիվ են և «այդ օբյեկտիվ խնդիրների մասով մենք գտնվում ենք լուծման փուլում»:

Հարցին, թե բացի ԱԹՍ-ներից, այլ զինատեսակների բանակ մտնելու համար ինչ քայլեր են արվում, օրինակ՝ կրակելու համար ավտոմատացված ավտոմատների, որոնք փոխարինում էին զինվորին, Ավետ Պողոսյանը նշեց, որ այդ մասին չի կարող այժմ բարձրաձայնել:

«Այդ մասին բաց ինֆորմացիա ներկայացված էր ցուցահանդեսում, բայց մեկ բառով ասեմ, որ արվում է »,- նշեց նա՝ նկատի ունենալով ամիսներ առաջ  «Հայտեք» ցուցահանդեսը:

Հիմա կան հայկական արտադրության ԱԹՍ-ներ, որոնք մտնում են կիրառման մեջ, փոխնախարարն ասաց, որ այդ հարցը պետք է տալ ՊՆ գործընկերներին: Իսկ թե որքանով են մրցունակ այդ ԱԹՍ-ները՝ Ավետ Պողոսյանը նշեց, որ բավականին մրցունակ են:

«Բաց աղբյուրներից իմ տեղեկություններով բավականին մրցունակ են գին-որակ փոխհարաբերության մեջ»,- նշեց նա:

Անդրադառնալով ամիսներ առաջ տիեզերք ուղարկված հայկական արբանյակին, լրագրողները հարց ուղղեցին, արդյոք այն օգնել է ապացուցել, որ թշնամին նախահարձակ է եղել: Հարցին ի պատասխան ԲՏԱ նախարարի տեղակալն ասաց՝

«Նախ ես չգիտեմ, թե ով է հայտարարել, որ մենք հետախուզական նպատակով օգտագործելու ենք արբանյակը: Մեր տիեզերական գործունեությունը, մեր պետության՝ բացառապես խաղաղ բնույթ է կրում, այո՛, այդ թվում նաև անվտանգային նկատառումներով մոնիթորինգի համար մենք դա կօգտագործենք: Բայց խնդիրը ոչ միայն մեր արբանյակն է, այլ նաև այն ենթակառուցվածքները, որոնք մենք օգտագործում ենք»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով, տվյալ պահին արբանյակի վերաբերյալ շատ մոտ ապագայում մենք կունանանք լավ նորություններ:

«Ոչ միայն կենտրոնի՝ նա՛և կենտրոնի: Աշխատանքներն, ըստ էության, ընթանում են մեր նախատեսածից մի փոքր ավելի արագ։ Այսինքն, երբ հայտարարվել էր, որ մինչև տարվա վերջ կառավարման կենտրոնը բացված կլինի, ես կարծում եմ, մոտակա ժամանակներս կարելի է նորությունների սպասել: Շատ լավ նորությունների՝ և՛ կառավարման կենտրոնի մասով, և՛ արբանյակի հետ կապված»,- նշեց Ավետ Պողոսյանը:

Հարցին, եթե հետախուզական բնույթ չեն կրելու, ապա ինչ նպատակ ունեն արբանյակից ստացված տվյալները, ԲՏԱ փոխնախարարը նշեց, որ հայ մասնագետներ են աշխատելու.

«Միանգամից նշեմ, որ վերապատրաստման աշխատանքներն էլ են սկսված արդեն՝ ընթացքի մեջ են: Քարտեզագրում, օդերևութաբանական հետազոտություններ, ջրային ռեսուրսների կառավարում, անվտանգային նկատառումներով  մոնիթորինգ . սրանք բոլորը ոլորտներ են, որտեղ արբանյակային տեխնոլոգիաները մենք օգտագործում ենք և օգտագործելու ենք նաև մեր արբանյակից ստացված տվյալները: Դրան եթե գումարենք, մեր կառավարման կենտրոնին կից ստեղծվելու է նաև ենթակառուցվածք, որը ստացված տվյալների մշակմամբ է զբաղվելու՝ այդ թվում արհեստական բանականության և այլ IT գործիքների միջոցով, կարող ենք ասել, որ շատ մեծ ազդեցություն կունենա իմ նշած, և ոչ միայն իմ նշած, ոլորտների վրա»,- նշեց նա:

Իսկ հարցին, թե այն արդյոք որևէ ազդեցություն կունենա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների վրա, ԲՏԱ փոխնախարարը նշեց, որ «կարող է նաև կիրառվել դրա մեջ, բայց այդ որոշումներն այլ դաշտում են կայացվում: Տեխնիկապես այդ հնարավորությունները կան»:

  • Կիսվել: