հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պետք է համախմբվենք ու Շուշին հետ վերցնենք. Սասուն Միքայելյան

Մենք պետք է համախմբվենք ու Շուշին հետ վերցնենք. Սասուն Միքայելյան

Մենք պետք է հզորանանք, համախմբվենք, երբեք հույսներս չկորցնենք, համախմբվենք ու Շուշին հետ վերցնենք: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանեով հարցին, թե արդյոք իրատեսական համարու՞մ է Շուշին հետ բերելը, թե՞ ոչ:

Նա, վերհիշելով Շուշիի ազատագրումը, ասաց. ՛՛Մի ժամանակ էլ շատերը չէին պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է ։

Դա գալիս է մեր երկրի, մեր ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Ամեն ինչից անկախ ՝մենք պետք է այսօր թիկունք լինենք մեր բանակին, հատկապես երկրապահները, մեր բանակը վերականգնվի, իսկ մնացածը հետագայի խնդիր է, ոչ մեկը չպիտի հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել՛՛։

Միքայելյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի անկմանը և շատեր այն պնդումներին, թե կարող էինք չտալ ու ինքնակամ հանձնեցինք: Ի վերջո՝  ո՞րն է իրականությունը: Պատասխանելով այս հարցին՝ Միքայելյանը նշեց, որ պատերազմից հետո շատ շահարկումներ եղան Շուշիի կորստի հետ կապված, սակայն, նրա խոսքով, այս պատերազմը ուրիշ բնույթ ուներ, եւ հստակ դիրքորոշում այս հարցին պետք է տան իրավապահ մարմինները։

՛՛Մի քիչ ուրիշ բնույթ ուներ այս պատերամզը։ Չես կարող կողմնորոշվել, և հստակ դիրքորոշում պետք է տան իրավապահ մարմինները՝ կարողանան հասկանան ի՞նչ է կատարվել, և լուսաբանեն, որպեսի ժողովուրդն իմանա՝ ինչ է կատարվել՛՛,-ասաց նա և հավեեց, որ չի կարող այդ հարցի պատասխանը տալ, դա ժամանակի խնդիր է:

Խոսելով ընդդիմությանն մեղադրանքների մասին, թե հողերը հանձնել են իշխանությունները՝ Միքայելյանն ասաց, որ չի ցանկանում մտնել ՛՛քաղաքական խաղերի՛՛ մեջ:

՛՛Իրավիճակ է ստացվել, նման բաներ պետք է ասեն, մեր դժբախտությունը նրանում է, որ պետք է համախմբվենք, կողմնորոշվենք՝ ով է հող տվել, ով՝ չէ։ Չի կարելի... Ազգը բաժանվել է տարբեր մասերի՝ կեսը կեսին դավաճան է ասում։ Որոշ մարդիկ էլ ասում են՝ փախան սաղ, նման բան չկա։ Ես եղել եմ, ամեն ինչ տեսել եմ, բայց իրավունք չունեմ խոսելու, որովհետև քննություն է գնում։ Խորհուրդ կտամ մեր իրավապահներին՝ իրականությունը պարզվի ու ներկայացվի ժողովրդին, եթե դա չարվի, մենք չենք կարող համախմբվել, արդարությունը պիտի հաղթի՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵԿՄ անդամներն այսօր Երկրապահի օրվա առթիվ այցելել են Եռաբլուր:

  • Կիսվել: