չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի․ Նիկոլ Փաշինյան

Լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի․ Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր հարց է այսօր, թե ինչպես է ապահովվում մեր երկրի անվտանգությունը, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Պետք է արձանագրենք, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադրաձ դաշնակցային պարտավորություններով։ Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերը ձևավորված պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում է Ռուսաստանի վրա։ Եվ երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները»,- հայտարարեց Փաշինյանը։

 

Ըստ նրա՝ այս համատեքստում մեկնարկել է նաև Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա և բովանդակային բարեփոխումներ։ «Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային  կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն պետք է կարողանանք փոփոխել։ Բացի դա մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը։ Ինչպես նաև կան քննարկումներ, որ Սյունիքի մարզում մենք 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ բավական արդյունավետ քննարկումներ ենք ունենում ՌԴ մեր գործընկերների հետ։ Նաև Սյունիքի մարզի մի շարք հատվածներում ՀՀ պետական սահմանի պահպանությանը մասնակցում են ռուս սահմանապահները։ Ռամավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն  իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով»,- ասաց նա։

 

Փաշինյանը հավելեց՝ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ։ Այս առումով մեծ փոփոխություն չի լինի։

  • Կիսվել: