երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է. Արմեն Խաչատրյան

Լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է. Արմեն Խաչատրյան

Բարոյահոգեբանական վիճակը կարևորագույն հանգամանքերից մեկն է բանակում, որի վրա պետք է լուրջ  աշխատանք տանել, մեր բանակը բավականին լուրջ  պարտություն է կրել և այս պարտությունը, այդ ծանր հետևանքները  բարոյահոգեբանական վիճակի վրա մեծ ազդեցություն են գործել և ոչ միայն բանակի, այլ ամբողջ հայ հասարակության վրա, բոլորիս վրա այդ ճնշումը կա։ Այս մասին ԱԺ-ում այսօր նման դիտարկում արեց ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։  Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ այդ ճնշումը  և այդ բարոյահոգեբանական վիճակը չազդի մեր առաջընթացի և մեր բանակի վրա։

Նա վստահեցրեց նաև, որ սեպտեմբերյան դեպքերից հետո բանակի բարոյահոգեբանական վիճակն անկում չի ապրել․ «Ես տեսել եմ, որ զինվորականների բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան՝ 44-օրյայում: Բանակն իր ուժերի վրա ավելի շատ է վստահ, քան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»։

Հարցին, թե բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիայի, նա արձագանքեց.«Պետք է թեթև վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել և, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների»:

Խաչատրյանը  վստահեցրեց՝ մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել․ «Բայց լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ»։

Լրագրողների դիտարկմանը, թե Ազատ գյուղի զինվորական կացարանում բռկնված հրդեհը՝ վարկածներից մեկով կապված է հենց կացարանում եղած բարոյահոգեբանական վիճակի հետ, նա նշեց․« Որպես վարկած չեմ  բացառում, եթե մի տեղ կենցաղավարում են տղաներ ՝10,20,30 հոգի, այդտեղ հաստատ խնդիրներ կլինեն, չեմ բացառում, որ կարող են խնդիրներ եղած լինեն։  Որ ասենք ամեն ինչ շատ հարթ է և զինվորական ստորաբաժանումներում զինվորներն իրար հետ փաղաքշական բառերով են խոսում, այդպես չէ, սակայն, դրանք պետք է սահման ունենան և չհասնեն մի իրավիճակի, որ վերածվեն հանցագործությունների  կամ այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ զինվորները չուզենան ծառայել»,- նշեց Խաչատրյանը։ 

  • Կիսվել: