երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ինչպես են ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ համակարգերը տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)

Ինչպես են ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ համակարգերը տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)

InfoPort.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ համակարգերի Հայաստան տեղափոխման կադրեր: Կադրերում պարզ երևում է, թե ինչպես են այդ համակարգերը ինքնուրույն բարձրանում «Ռուսլան» տեսակի բեռնատար ինքնաթիռների մեջ:

Նշենք, որ վերջերս մամուլում և տարբեր գործիչների կողմից հնչեցին կարծիքներ, որ համակարգերը Հայաստան են բերվել անսարք վիճակում: Այս տեսանյութը համենայնդեպս հաստատում է այն փաստը, որ դրանք առնվազն սարքին են: ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ-երը Հայաստանին մատակարարած ընկերության ներկայացուցիչները InfoPort.am-ին հավաստեցին, որ մարտական պիտանելիության վերաբերյալ կարող են տրամադրել նաև համապատասխան տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են դրանք ՀՀ-ում անցնում փորձարկումներ:

Նշենք նաև որ այս համակարգերը ՀՀ-ում ընկերության հաշվին անցնում են կապիտալ վերանորոգում և կատարելագործում: Ըստ InfoPort.am-ի տվյալների այդ համակարգերը Հայաստանին է մատակարարել գործարար Դավիթ Գալստյանը, որի գլխավորած «Նեյտրոն ԳԱՄ» ԲՓԸ-ն «Կալաշնիկով» կոնցեռնի հետ միասին նախաձեռնել է հայաստանում ԱԿ ինքնաձիգերի արտադրությունը: Ընկերությունը զբաղվելու է նաև ջերմատեսիլ սարքերի արտադրությամբ:

Նշենք նաև, որ ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ-երը Հայաստան են տեղափոխվել «Ռուսլան» տեսակի բեռնատար ինքնաթիռներով, ինչը ինքնին թանկ հաճույք է: Ըստ փորձագետների այդ ինքնաթիռների մեր տարածաշրջան թռիչքներ կազմակերպելն էլ հեշտ չէ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդությունները:

Նշենք, որ Գակստյանի գլխավորած ընկերությունը Հայաստանին մատակարարել է 35 հատ ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ համակարգեր 27 մլն դոլարի դիմաց: Այդ գումարի մեջ է մտնում նաև տրանսֆերը, պահեստամասերը, հրթիռները, մոդերնիզացման ծախսերը:

  • Կիսվել: