ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՔԾ-ում քննվող «ORSIS»-ի վերաբերյալ քրեական գործին միացվել է վերջերս հարուցված նոր քրեական գործը. Կարգավիճակ ունեցող անձ չկա

ՀՔԾ-ում քննվող «ORSIS»-ի վերաբերյալ քրեական գործին միացվել է վերջերս հարուցված նոր քրեական գործը. Կարգավիճակ ունեցող անձ չկա

Հատուկ քննչական ծառայությունում ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող «Օրսիս Արմս» (ORSIS) ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա վերջերս հարուցված քրեական գործը միացվել է «Օրսիս Արմս»-ի զենքի գնման պայմանագրի չեղարկման դեպքով հարուցված քրեական գործին, InfoPort.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Այդ քրեական գործը միացվել է «Օրսիս Արմս» ընկերության զենքի գնման պայմանագրի չեղարկման դեպքով հարուցված քրեական գործին»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք այս գործով կա մեղադրյալ կամ կասկածյալ անձ, նա պատասխանեց, որ առայժմ կարգավիճակ ունեցող անձ չկա: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չեն հաղորդում: Մինչդեռ ավելի վաղ InfoPort.am-ը այս քրեական գործի մասին մանրամասներ էր ներկայացրել՝ տեղեկացնելով, որ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ նախարարության պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

Պաշտպանության նախարարության առանձին պաշտոնյաների, մասնավորապես փոխնախարար Մակար Ղամբարյանին, մեր տեղեկություններով, մեղմ ասած հաճելի չի եղել այն, որ պետական գնումների շրջանակներում «Օրսիս Արմս» (ORSIS) ընկերության հայտը մերժելու վերաբերյալ Սիրունյանը բողոքներ է ներկայացրել իրավապահ մարմիններին: Արդյունքում պաշտպանության նախարարի տեղակալի օգնականը սկսել է հեռախոսազանգեր և հանդիպումներ փնտրել փաստաբանի հետ, որոնց ընթացքում համոզել և հորդորել է հրաժարվել իրավապահներին ներկայացրած բողոքներից:

Բացի այդ, 2019-ի մայիսի սկզբին «Օրսիս Արմս» ընկերության կողմից պաշտպանության նախարարությանն է նվիրաբերվել իտալական որսորդական հրացան, որը, սակայն ՊՆ հաշվեկշիռ չի հանձնվել և յուրացվել է պաշտպանության նախարարի տեղակալի կողմից:

Ալեքսանդր Սիրունյանը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ և տեղեկացրել, որ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ ղեկավար աշխատողների կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու և նույն նախարարության պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ:

  • Կիսվել: