հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի և Արցախի սահմանին մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի և Արցախի սահմանին մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի և Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողություններում ներգրավվել էր ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը։ Դրա անդամները հատկապես դաժան էին եղել Հադրութում։ 2022 թվականին էլ թուրքական բանակի մոդելով ստեղծվել էր «Կոմանդո» ստորաբաժանումը, նրանց պատրաստությունը եղել է հենց թուրք զինծառայողների ներգրավվածությամբ։

««Կոմանդո» ստորաբաժանումը տեղակայված է Հադրութում և Քարվաճառում։ Այս պահին 5 միավոր կա, սակայն դրանցից 3-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Նրանց ղեկավար անձնակազմի հարցազրույցներում որպես նպատակ արձանագրվել է Ադրբեջանի տարածքում գործող ոչ կանոնավոր զինվորական միավորումների դեմ պայքարը, որի տակ նրանք հասկանում են Արցախի պաշտպանության բանակը»,– նշեց Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշպանը վստահ է` ադրբեջանցի հատուկ ջոկատայինների առջև խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։

Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականին Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ հստակ ապացույցներ կան` Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում հայ ռազմագերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը։ Այդ ժամանակ դեպքի վերաբերյալ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ դիրքում 9 զինծառայող է եղել, 4-ին գնդակահարում են ադրբեջանցի զինծառայողները, սակայն հնարավոր էր եղել նույնականացնել նրանցից 2-ին։

  • Կիսվել: