երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ․ Դավիթ Տոնոյան

Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ․ Դավիթ Տոնոյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչպես է ադրբեջանական խումբը փորձել ներխուժել հայկական տարածք։

Նրա ներկայացմամբ, հուլիսի 12-ին ժամը 12-ի սահմաններում Տավուշի հատվածում հայկական դիրքերին է մոտեցել «Ուազ» մակնիշի մեքենա, և անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս այդ մեքենայից ու շարժվում դեպի հայկական դիրքերի ուղղությամբ։

«Դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք վերադասին զեկուցելուց հետո ստանում են հրահանգ, հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ աշխարհագրական դիրքին չտիրապետելու պատճառով, կոչ անել վերջիններիս լքել տարածքը, որն իրականացվում է: Ադրբեջանական ուժերը հեռանում են՝ թողնելով մեքենան։ Դրանից հետո սկսվում է 82 մմ ականանետերով հրետակոծություն նույն ուղղությամբ, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը։

Այդ շարժումը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։ Հակառակորդը կրելով կորուստներ նահանջել է։ Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ հրադադարը խախտվում է, կրակոցներ են հնչում», - ներկայացրեց Տոնոյանը։

Բոլոր հրետակոծությունները, ըստ նախարարի, թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում են, ինչի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ։ «Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկելի ու կառավարելի է», -հայտարարեց նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: