շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակառակորդի կրակոցից զոհված՝ զինվորական պաշտոնի նշանակված զինծառայության մեջ չգտնվող անձի ընտանիքը ևս հատուցում կստանա

Հակառակորդի կրակոցից զոհված՝ զինվորական պաշտոնի նշանակված զինծառայության մեջ չգտնվող անձի ընտանիքը ևս հատուցում կստանա

«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն, ըստ կարգի, հատուցում կտրամադրի նաև թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց համար:

 «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց ևս ներառել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում»,-ասաց Սարգսյանը:

Ըստ փոխնախարարի՝ այս խնդիրը ծագել է Ադրբեջանի՝ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զոհված հայրենակիցներից մեկի հետ կապված, որը, չհանդիսանալով զինվորական անձ, նշանակված է եղել զինվորական պաշտոնի: Նրա ընտանիքը հիմա չի կարողանում «Զինապահ» հիմնադրամի շահառու դառնալ: Նախագծով կարգավորվելու է այս խնդիրը:

Նախագծի հիմնավորման մեջ հստակեցվում է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջների համաձայն՝ առանձնահատուկ դեպքերում թափուր զինվորական (բացառությամբ հրամանատարական կազմի) պաշտոնի կարող է նշանակվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

ԶՈՒ համապատասխան զորամասի թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացման ժամանակ հակառակորդի նախահարձակ հրետակոծության արդյունքում զոհվել է: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված օրենքի իմաստով զինծառայող համարվող անձինք, սակայն թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք այդ շարքում ներառված չեն, որի կապակցությամբ նրանք զրկված են օրենքով սահմանված մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Փաստացի ներկա դրությամբ նման խնդիր է ծագել մեկ անձի մասով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խնդիրը լուծել համակարգային՝ նման կարգավիճակ ունեցող անձանց ներառելով օրենքի գործողության ոլորտում:

Նախագիծն ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 62 կողմ, 22 ձեռնպահ ձայներ:

  • Կիսվել: