ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հակամար­տությունը և պատերազմը, չհաշված առանձին բա­ցառությունները, ռազմավա­րության մակարդակի գործողություն են. Հովհաննիսյան

Հակամար­տությունը և պատերազմը, չհաշված առանձին բա­ցառությունները, ռազմավա­րության մակարդակի գործողություն են. Հովհաննիսյան

Պատերազմի մեկնաբանության տարբեր ձևեր կան, որոնք ծնվել են հիմ­նականում Բոնապարտից հետո, այսինքն՝ ռազ­մա­կան գիտության կայացման փուլում: Դրանց կարելի է հանդիպել տարբեր հանրագիտարաններում ու ռազ­մագիտական գրքե­րում: Դրանք բոլորն էլ արտահայտում են իրական իրավի­ճակը, սակայն նշենք պատերազմի մեր բնորոշումը: Այս մասին ասված է Արծրուն Հովհաննիսյանի ՛՛Հատվածներ Ռազմարվեստ աշխատության՛՛, հատոր երկրորդ ՛՛Ցամաքային ճեղքում՛՛ գրքում։

ՊԱՏԵՐԱԶՄԸ որոշակի ռազմաքաղաքական, տնտեսական սուբյեկտի միասնական ուժային համակարգի (հաճախ՝ բանակի բոլոր զորատեսակների կամ դրանց մեծ մասի) ներդաշնակված գործունեությունն է (երբեմն՝ հակազ­դեցությունը) բոլոր հարթություններում, բոլոր մեթոդներով ու եղանակներով, հակառակորդի բոլոր մակարդակի կառույցների և կենսատարածքների նկատմամբ՝ դրանք վերահսկելու կամ ոչնչացնելու նպատակով:

Ինչպես տեսնում ենք, այս սահմանումը էականորեն տարբերվում է դա­սական դարձած այն սահմանումներից, որտեղ պատերազմը դիտարկվում էր միայն պետությունների իրավասության գործառույթ:

Փորձենք ներկայացնել նաև ժամանակակից պատերազմների հիմնա­կան բնութագրիչները:

  1. Պատերազմները կոալիցիոն բնույթ ունեն: Երբեմն դա անգամ պաշտոնական դաշնակցային ձևով չի արտա­հայտվում, սակայն գլոբալ աշխարհում շահերը գլոբալ են, և ցանկացած կոնֆլիկտի ներգրավվում են տարբեր ռազմաքաղաքական ու տնտեսական սուբյեկտներ:
  2. Պատերազմների հարթությունները ընդգրկում են ցամաքը, օդը, ջուրը, տիեզերքը, վիրտուալ աշխարհը, որի հետ անքակտելի է նաև մար­դու ներաշխարհը:
  3. Պատերազմի տարածքը լիարժեք է բոլոր կենսատարածքներում. չկա թիկունք, ապահով ու անվտանգ տեղ:
  4. Պատերազմի մասնակից են գրեթե բոլորը. չկա զուտ ԶՈՒ-ի ներ­գրավվածություն, գրեթե բոլոր գերատես­չությունները, ծառայությունները ունեն կոնկրետ գործառույթ, և դրանք զուտ ապահովման չեն, այլ հենց բախման-պայքարի կոնկրետ ճակատներ են:
  5. Պատերազմի ժամանակ բոլոր գործառույթների ժամանակը կրճատվել է, պատերազմը դարձել է գերարագ պրոցես: Մարտական գոր­ծողությունները զարգանում են շատ դինամիկ:
  6. Պատերազմավարման կանոնները ճկուն են, դասական, և ոչ դա­սական կանոնները խառնվել են իրար, ասիմետրիկ, ոչ համաչափ, հիբ­րիդային լուծումները լայնորեն կիրառվում են գրեթե զուգահեռ, իսկ մի­մյանց փոխարինում են շատ ճկուն:
  7. Խոցման, ավերման, ճնշման համար գործում են ինչպես ուժային, այնպես էլ փափուկ միջոցներ: Լայնորեն կիրառվում է համոզման մեթոդը:
  8. Օպերատիվ արվեստի սահմանները դարձել են անհստակ: Ավելի ու ավելի հաճախ մարտավարական միջոցներն ու ուժերը լուծում են օպե­րատիվ, երբեմն նաև ռազմավարական խնդիրներ:
  9. Խոցման, ճնշման, քայքայման, ավերման պրոցեսները դարձել են արագ և իրականացվում են մեծ խտությամբ, տարափի ներքո, երբեմն սահմանափակ տեսակի միջոցներով ու ուժերով, համազորային մարտ չկա այլևս:
  10. Մարտավարական ուժերն ու միջոցները դարձել են լիովին ինքնա­բավ և արագաշարժ, դրանք ունեն ունիվերսալ դեր ու կառուցվածք:

 

Այս հսկայական փոփոխությունները իրենց հետ բերել են բազում փոփո­խություններ և վերագնահատման ու վերա­րժևորման պայմաններ: Սակայն պատերազմի էությունը չի փոխվել, այն շարունակում է լինել ուժի գործադրում, ուղղակի երբեմն այդ ուժը փափկել է: Պատերազմը, իհարկե, քաղաքական գործունեության շարունակություն է այլ մեթոդներով: Սա­կայն դասական գի­տության համար պատերազմը պետք է վարվի ո՛չ մեկ կամ երկու առանձին հարթություններում, ո՛չ մեկ կամ երկու զորատեսակով: Պատերազմը ընթանում է բոլոր հարթություններում, որոնք շատացել են, բոլոր կամ զորա­տեսակ­ների մեծամասնությամբ, ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական վնասներով, ավերածու­թյուններով և այլն: Մենք միտումնավոր չենք նշել ԶՈՒ, այլ փոխարենը կիրառել ենք միասնական ուժային համակարգ, քանի որ արդի պատերազմներում շատ ուժեր ու միջոցներ, ծառայություններ ու գերատեսչություններ այս կամ այն կերպ դառնում են պատերազմի մասնակից, սա­կայն չեն հանդիսանում ԶՈՒ-ի մաս, անգամ պատերազմական ժամանակ չեն վերաենթարկվում նրան: Պա­տե­րազմում մեծ դեր են ստանում տեղական ինքնակառավարման քաղաքացիա­կան մարմինները, ծրագրավորողները, տարատեսակ քննչական մար­մինները, բժիշկները և այլն: Նրանցից ոչ մեկը չի դասակարգվում որևէ զորատեսակի մեջ, իսկ նրանց զորակոչելը պատերազմի ժամանակ կարող է ուշանալ, իրենք հաճախ պատերազմ են մտնում հընթացս կամ իրենց խնդիրը կատարում են մշտական ռեժիմով: Մենք այս հարցերին դեռ մանրամասն կանդրադառնանք:

Ժամանակակից պատերազմներին պատրաստ բանակները, ուժային հա­մակարգերը պետք է կարողանան լուծել մի քանի կարևոր խնդիրներ, առանց դրանց լուծման հնարավորության այդ ուժային համակարգերը թերի են:

Դրանք են՝

  1. հակառակորդի ամբողջ տարածքի լիարժեք հետախուզություն,
  2. հակառակորդի ամբողջ տարածքի վրա հարվածներ հասցնելու հնա­րավորություն, հիմնականում ՕՀՄ-ներով,
  3. հակառակորդի ամբողջ տարածքի նկատմամբ տեղեկատվահոգեբա­նական օպերացիաների իրականացման հնարավո­րություն,
  4. հակառակորդի ամբողջ տարածքում թեկուզ մասնակի հատուկ օպերա­ցիաների իրականացում:

Այս կետերի իրականացման հնարավորություններով է պայմանավորված տվյալ ուժային համակարգի հզորությունը: Հաս­կանալի պատճառներով այս­տեղ չենք նշում հակառակորդի ամբողջ տարածքի գրավում կամ լայնածավալ մարտական գործողությունների վարման հնարավորություն: Դա արդեն շատ բարդ խնդիր է, որը քիչ երկրներ կարող են իրականացնել այլ պետությունների նկատմամբ:

Դասական ռազմական գիտությունը ճանաչում էր երեք մակարդակ՝ ռազ­մավարական, օպերատիվ, մարտավարական: Սա­կայն ներկայումս ավելի ու ավելի շատ են քննարկվում ենթատեսակների կամ նոր բաժանումների հար­ցե­րը: Օրինակ՝ դեռ նախորդ դարասկզբին բրիտանացի ուսումնասիրող Ջուլիան Քորբետը առաջինը կիրառեց «Մեծ ռազմավարություն» տերմինը[1]: Մեծ ռազ­մավարությանը՝ որպես հասկացություն, 1967 թ. անդրադարձել է նաև ռազմա­կան տեսաբան Լիդլ Հարթը: Նա այդ ռազմավարությունը բնութագրել է որպես ռազմավարագիտության ամենաբարձր մակարդակ. «Ճիշտ այնպես, ինչպես մարտավարությունն է ռազմավարության ստորին մակարդակում, այդ­պես էլ ռազմավարությունն է Մեծ ռազմավա­րու­թյան ստորին մակարդակը»[2]:

Ըստ Հարթի՝ եթե ռազմական ռազմավարության տիրույթը սահմանա­փակվում է պատերազմով, ապա Մեծ ռազմա­վա­րու­թյունը վերաբերում է նաև պատերազմին հաջորդող իրադրությանը, իսկ ռազմական ուժը Մեծ ռազմավա­րության ըն­դա­մե­նը մեկ գործիքն է: Կարծում ենք, որ Մեծ ռազմավարությունը ոչ միայն պատերազմին հաջորդող, այլև ընդհան­րապես մշտա­կան ռազմա­քա­ղաքական, տնտեսական և այլ գործառույթների ամբողջությունն է, որն ուղղված է տվյալ պե­տու­թյան կամ կառույցի բնականոն գործունեությանն ու ապահո­վու­թյանը: Այս տեսակետից ավելի ճիշտ է Լիդլ Հարթի ասիս­տենտ, Յելի համալ­սա­րանի պրոֆեսոր Փոլ Քենեդին, ով իր «Մեծ ռազմավարությունները պատե­րազմի և խաղաղության ժամանակ» գրքում նշել է. «Մեծ ռազմավարությունը պետության ղեկավարի ունակությունն է պետության երկարա­ժամ­կետ նպա­տակներին հասնելու համար իմի բերելու պետության բոլոր տարրերը՝ թե՛ ռազմական, թե՛ ոչ ռազմական: Դա բավական բարդ արվեստ է՝ գործել բոլոր մակարդակներում՝ ռազմավարական, օպերատիվ, մարտավարական»[3]:

Հետագայում արևմտյան ռազմատեսական միտքը բազմիցս է անդրա­դարձել Մեծ ու Փոքր ռազմավարությունների տե­սու­­թյան խնդրին: Գերմանա­կան և բրիտանական ռազմատեսական միտքը օպերատիվ արվեստի փոխա­րեն որպես նույն իմաստն ու գործառույթները արտահայտող երևույթ կիրառում էր «Փոքր ռազմավարություն» հասկացությունը: Ներկայումս այդ հարցը ավելի ակտուալ է, ավելի ու ավելի շատ են քննարկվում տարբեր ռազմավարություն­ները: Լայնորեն կիրառվում են արևմտյան դպրոցում հայտնի Մեծ ռազմավա­րությունը, Թատերաբեմի ռազմավարությունը, Ռազմական ռազ­մա­վա­րու­թյու­նը և այլն, նույն ժամանակ ակտուալ է օպերատիվ արվեստի սերտաճումը վե­րևի ու ներքևի օղակների մեջ և այլն: Օպերատիվ արվեստի հարցին առանձին դեռ կանդրադառնանք: Ռազմավարությունների և դրանց ենթակա կատեգորի­ա­ների փոխ­հարաբերությունները ներկայումս կարելի է նկարագրել հետևյալ կերպ:

 

[1] J. S. Corbett, Some Principles of Maritime Strategy. Annapolis, MD: United States Naval Institute,

 1911 (reprinted 1988), p. 308.

[2] B. H. Liddell Hart, Strategy. 2nd review edition, New York, 1991, p. 357.

[3] Paul M. Kennedy, Grand strategies in war and peace, Yale University press, 1991, p. 3.

 

Այս սխեմայում մենք պահպանել ենք կարևոր մի քանի սկզբունք: Նախ այստեղ ոլորտները այնպես են դասավորված, որ հստակ երևա դրանց փոխ­կապակցվածությունը: Ըստ էության, բոլորը բոլորի հետ ուղիղ ու անուղղակի կերպով կապ ունեն և միմյանց հետ հարաբերվում են միաժամանակ մի քանի կետով ու համապատասխանաբար նաև բաժանվում: Գույնե­րով երևում են նաև դրանց կապը և տարանջատման սահմանները: Այս սխեման կազմված է նաև նկատի ունենալով այն հան­գա­­մանքը, որ ժամանակակից ռազմարվեստը ապ­րում է մեծ փոփոխությունների ժամանակաշրջան: Ինտենսիվորեն վերանայ­վում են մարտավարության, օպերատիվ արվեստի և ռազմավարության սահ­մաններն ու հարաբե­րությունները: Սխեման կազ­մե­լիս հաշվի ենք առել նաև այն հանգամանքը, որ ժամանակակից գիտությունը, ռազմական և առհասա­րակ կառավարման ար­վեստում ուղղահայաց ենթարկվածության ու վերադա­սության մոդելի հետ զուգահեռ, դիտարկում է նաև հորիզոնական և փո­խա­դարձ կապվածության կառավարման մոդելները: Չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում ուղղա­հա­յաց ինստիտուտներին գալիս են առնվազն լրացնելու, եթե ոչ փոխարինելու, փոխադարձ կապվածության ինս­տիտուտները:

Ինչպես տեսնում եք, սխեմայում Մեծ ռազմավարությունը միաժամանակ հարաբերվում է Միջին ռազմավարու­թյանն ու Թատերաբեմի ռազ­մա­վարու­թյանը և Օպերատիվ արվեստին, այն ուղիղ կերպով չի ազդում միայն Մարտա­վա­րու­թյան վրա. ազդե­ցու­թյունը միջնորդավորված է: Նույն սկզբունքով ռազ­մավարությունների բոլոր օղակները առնչվում են միմ­յանց հետ և Օպե­րատիվ արվեստի հետ: Միաժամանակ Օպերատիվ արվեստի առնչությունն էլ ցուցա­դրում է դրա անհստակությունն ու տա­րա­լու­ծումը ռազմավարությունների օղակների և Մարտավարության հետ: Խորհրդա­յին դպրոցը, օրինակ, մեծ տեղ տալով Օպե­րա­տիվ արվեստին և շատ հարցեր կոնկրետացնելով հստակ թվա­կան տվյալ­նե­րով, այդպես էլ չէր կարողանում հստա­կեց­նել Օպերատիվ ար­վեստի ու Ռազմական ռազմավարության սահմանները: Կա­­ղում էր ռազմագոր­ծողություն-ճակատա­մարտ կապի հստակ բացատրությունը: Արևմտյան ռազ­մատեսական դպրոցն այս հար­ցերին նայում է ավելի շատ որպես արվեստ և խու­սա­փում է մաթեմատիկական կոնկրետություններից: Մենք ևս աշխատել ենք պահպանել այդ սկզբունքը, որն ավելի ճիշտ ենք հա­մարում: Միևնույն է ժամանակի ընթացքում հայկական ռազմա­գի­տա­կան դպրոցը գնալու է այս ճա­նապարհով, դրա համար կան մի քանի պատճառներ:

  • Խորհրդային, ռուսական դպրոցի մաթեմատիկական կոնկրետության պահանջները մեր տեղանքում և մեր պայման­նե­րին չեն համապատասխանում:
  • Ռուսական ռազմագիտական դպրոցը հաճախ ամենաառաջադեմը չէ և հետևում է արևմտյան դպրոցներին:
  • Մեր ազգային մտածելակերպը ավելի ազատ է, ավելի ստեղծարար, իրական կյանքում մենք միևնույն է գործում ենք այլ կանոններով:

Կապույտ գույնը՝ որպես բարձր աստիճանի, ազնվական դասի խորհրդա­նիշ, արտահայտում է ամենաբարձր մակար­դա­կը: Միջին հատվածում, որտեղ կատարվում է հիմնական կազմակերպչական ու իրականացման ամենամեծ ծավալի աշխա­տան­­քը, արտահայտում է կարմիր գույնը: Ամենաներքևի աստի­ճանը, որն արտահայտում է դաշտային աշխատանքի մակար­դա­կը, ներկված է կանաչ գույնով: Այդ գույնի ներքո, իհարկե, հիմնական գործն իրականացվում է մարտավարության մակար­դա­կում, սակայն թեկուզ մասնակի դրսևորվում են նաև այլ մակարդակներ:

Ւնչպես կարող եք նկատել, մեր բաժանումը մի փոքր տարբերվում է ավանդական մոտեցումներից: Մենք համարում ենք, որ պետական քաղաքա­կանության և մեծ ռազմավարության բաժանումը որքան էլ տարօրինակ է, պետք է հստակ նշել: Իհարկե, բոլոր ոլորտներն ու մակարդակները իրար հետ շփման, նույնիսկ ձուլման հարթություններ ունեն, միմյանց վրա ազ­­դում են ուղղակի և անուղղակի, սակայն միևնույն է դրանք լիովին նույնը չեն:

Միևնույն ժամանակ այս սխեմայով ցուցադրում ենք մեր մոտեցումը Ռազ­մական ռազմավարության հարցում: Մենք գտնում ենք, որ զուտ Ռազմական ռազմավարությունը այլևս ակտուալ չէ. այն արդեն վաղուց զուտ ռազմական չէ, այն միա­­ժամանակ տնտեսական է, քաղաքական է, քարոզչական է և այլն: Թեկուզ միայն այն պատճառով, որ որպես մարտական կամ բախման հարթու­թյուն՝ կա նաև վիրտուալ տիրույթը, այն այլևս զուտ ռազմական լինելով՝ լիովին չի արտահայտում իրավիճակը: Մենք այդ ռազմավարությունը կանվանենք Միջին ռազմավարություն: Կարող են լինել նաև այլ տարբե­րակ­ներ: Միևնույն ժամանակ զուտ Ռազմական ռազմավարության տիրույթ է մտնում Թատերա­բեմի ռազմավարությունը, որն էլ Միջին ռազմա­վարությունից կտարբերվի զուտ ռազմական բնույթով: Այսինքն՝ մի կողմից թատերաբեմի ռազմավա­րա­կան գործողու­թյուն­ները կան որպես առանձին երևույթ, սակայն մյուս կողմից դրանք չեն ընթանում մեկուսի՝ առանց վիր­տուալ, տնտեսական և այլ հարթու­թյունների: Ինչպես տեսնում եք, մեր սխեմայում առանձին սլաքներով բոլոր մա­կար­դակ­ներն ու բոլոր ոլորտները միմյանց ազդում են, և այդ ազդեցությունը հենց արտահայտվում է ոչ զուտ ռազմական գործոն­նե­րով: Ահա այս հակա­սությունն ու հարաբերություններն էլ ձևավորում են մեր սխեման:

Այսպիսով՝ ինչպես կարող ենք եզրակացնել այս սխեմայից, հակամար­տությունը և պատերազմը, չհաշված առանձին բա­ցառությունները, ռազմավա­րության մակարդակի գործողություն են և բոլոր օղակների հետ գրեթե ուղիղ առնչություն ունեն:

Պատերազմները, ըստ ծավալի, բնույթի և գործողությունների, լինում են երկու տեսակի՝ ջախջախման և հյուծման: Երևույթները նորություն չէին և ռազ­մագիտության մեջ զարգացել են դարերով, սակայն հատկապես ընդգծված են դարձել ռազ­մական գիտության հասունացման արևածագին: Ջախջախման մո­դելը ավելի պատկերավոր է դարձել Ֆրիդրիխ Մեծի և Բոնապարտի պատե­րազմներից հետո: Այդ մասին առաջին անգամ խոսել է ռազմական պատմա­բան և տեսաբան Հանս Դելբ­րուկը[1], այն անվանվում էր «Niederwerfung stra­te­gie», որը բառացի նշանակում էր ճնշման, ստիպման ռազմավա­րու­թյուն, սա­կայն իմաստով հենց ջախջախումն է: Այն իր հետագա զարգացումը գտավ ար­դեն Շլիֆենի «Մեծ Կանների» և Երրորդ Ռայխի մշակած կայծակնային պատե­րազմի տեսություններում: Հյուծման ռազմավարությունը ավելի հին էր, ավե­լի շատ ենթատեսակներ ուներ: Ժամանակակից ռազմական գիտության պահանջ­ներին մոտիկ առաջին անգամ այն հստա­կորեն հիմնավորեց Կլաուզևիցը, որից հետո մեծ զարգացում ստացավ ամերիկյան ռազմագիտական դպրոցում՝ որ­պես «Անա­կոն­դա­յի պլան», որը ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ մշակել էր հյուսիսային կողմի գեներալ ՈՒ. Սքո­թը[2]: Հե­տո ծնվեց    Ա. Մեհենի «Անակոնդայի տեսություն» ռազմավարությունը և այլն: Ռազմական և տնտեսա­քա­ղա­քա­կան գա­ղա­փարների ու տեսությունների ոչ հստակ դասա­կարգումը այս ժամանակներում միանգամայն բնական էր, քա­նի որ հենց ռազ­մար­վեստի գիտական դասակարգումների ու փնտրտուքների ժամանակն էր: Հետագայում դրանք ավելի հստա­կեցված տարան­ջատ­վեցին և ունեցան իրենց արտահայտությունները ռազմավարության տարբեր մա­կարդակներում, ռազ­մա­կան գի­տու­թյան մեջ հստակեցվեցին և այլն: Խորհրդային ռազմական գի­տությունը այս ամենին, ինչպես և կայացած ռազմա­կան գի­տու­թյանը անդրա­դարձել է բավականին ուշ, սակայն բավականին որակյալ գիտական աշխա­տանքով[3]:

Յուրաքանչյուր պատերազմում այս երկու մոդելները գոյակցում են իրար հետ. ամեն հյուծում թեկուզ մասնակիորեն ենթադրում է հակառակորդի ջախ­ջախում, և ամեն ջախջախում ենթադրում է հակառակորդի որոշակի հյուծում, սակայն պատերազմի ընդհանուր բնորոշման մեջ միշտ գերակայում է մեկ տե­սակը:

Ջախջախման մոդելը ենթադրում է հակառակորդի արագ չեզոքացում: Ժամանակին չեզոքացվում էին միայն զորա­բա­նակները: Ժամանակակից պա­տերազմներում դա կարող է լինել ամբողջ զորքերի և/կամ դրա մի մասի և/կամ այլ ներուժի տեսքով, որը հակառակորդի համար որոշիչ է: Օրինակ՝ կարող են արագ շարքից հանել զորքերի միայն առաջին խմբա­վորու­մը, երկրի ենթակա­ռուցվածքները և այլն: Այստեղ կարևոր է, որ ամեն ինչ իրականացվի արագ:

Հյուծման պատերազմը այդ տեսանկյունից ավելի բազմազան է ու բազ­մաշերտ: Հակառակորդին հյուծել հնարավոր է ինչպես նյութական առումով, այնպես էլ պետության ու քաղաքացիների դիմադրության, կամքի, նյարդերի և այլ առումներով: Հյուծման պատերազմներին բնորոշ է ժամանակի ձգումը:

Ռազմական գիտությունը հիմնականում զարգացնում են ջախջախման մոդելի ներկայացուցիչները, իսկ դրանք հիմ­նա­­կանում հզոր ռազմագիտական ավանդույթներ ու դպրոցներ ունեցող երկրներն են, հաճախ սահմանափակ ռե­սուրսներով և/կամ ռեսուրսների կառավարման լավ ավանդույթներով: Մեզ հայտնի շատ մեծ զորավարներ՝ Հաննիբալ Բարկա, Հուլիոս Կեսար, Ալեք­սանդր Մակեդոնացի, Նապոլեոն Բոնապարտ և այլն, հենց այս մոդելի ռազմական գործողություններ են վարել: Այս զորահրամանատարները միշտ ձգտել են գոր­ծը արագ ավարտին հասցնել, կիրառել սահմանափակ ուժեր ու միջոցներ, գոր­ծել հմուտ և արհեստավարժ: Դրանով նրանք ավելի շատ զարգացրել են ջախ­ջախման մոդելը և ավելի քիչ հյուծմանը, դրանով նրանք օրինակներ են դար­ձել, նրանցից են սովորել այլք: Իհարկե, դա չի նշանակում, թե հյուծման պա­տե­րազմը չի զար­գացնում ռազմական գիտությունը, սակայն այն իր ներդրման առումով զիջում է ջախջախման մոդելին: Ջախջախման մոդելի հասունացման կարևոր փուլը հանդիսացավ Բոնապարտից հետո մեծ զարգացում ապրող գեր­մանական ռազմա­տեսա­կան միտքը, որը հատեց ռազմարվեստի գիտակա­նու­թյան սահմանը: Հստակ ուրվագծվում էին ջախջախման մոդելի ռազմար­վես­տի մակարդակները՝ ռազմավարությունը, օպերատիվ արվեստը և մարտա­վարու­թյունը: Զինված ուժերը մեծանում էին, զո­րա­տեսակները շատանում և դրանց բոլորի գործողությունները բարդանում: Այսինքն՝ ռազմական գիտու­թյան վերջ­նական ձևա­վորումը տեղի ունեցավ գերմանական ռազմագիտական դպրոցի կողմից:

 

[1] H. Delbrück, Geschichte der Kriegskunst im Rahmen der politischen Geschichte. Berlin 1920, Teil 4,              S. 514-522.

[2] Simson Jay W., Naval strategies of the Civil War: Confederate innovations and Federal opportunism. Nashville: Cumberland House, 2001.

[3] А. А. Свечин, Стратегия, Второе издание, М., 1927, стр. 173-186.

 

Շարունակելի...

Արծրուն Հովհաննիսյան

Հատվածներ Ռազմարվեստ աշխատության

Հատոր երկրորդ

Ցամաքային ճեղքում գրքից։

Հաջորդ երկու մասերը կարող եք ընթերցել՝ երկրորդը՝ այստեղ, երրորդը՝ այստեղ:

 

 

 

 

  • Կիսվել: