հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները

Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի ունեցած գիշերային կրակահերթերը, որը սանձազերծել է Ադրբեջանի զինուժը, լսելի են եղել նաև Սոթքի հանքավայրում, որտեղով անցնում է սահմանի մի մասը:

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում պարզաբանեց Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոպրոմայնինգԳոլդ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը, ընկերության ղեկավարությունը գիշերը անվտանգության շարժառիթներից ելնելով որոշել է ժամանակավորապես դադարեցնել հանքի աշխատանքները, իսկ հերթափոխի 150 աշխատակիցներին տարհանել:

«Ընկերությունը ապահովել է նրանց բոլորի ապահով վերադարձը իրենց բնակության վայրեր: Բարեբախտաբար տուժածներ չկան»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Այս պահին հանքի աշխատանքները վերականգնվել են և ընթանում են բնականոն հունով:

Նշենք, որ ըստ Պաշտպանության նախարարության հայտարարության, այսօր ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Այսօր, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, հայկական կողմից տուժածներ չկան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: