ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե Ադրբեջանը չի փորձում հարձակվել, դա բանակի մարտունակության շնորհիվ է․ Վաղարշակ Հարությունյան

Եթե Ադրբեջանը չի փորձում հարձակվել, դա բանակի մարտունակության շնորհիվ է․ Վաղարշակ Հարությունյան

Հայոց բանակի մարտունակությունը կանխում է պատերազմը եւ եթե Ադրբեջանը չի փորձում հարձակվել, դա բանակի մարտունակության շնորհիվ է: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Այսօր տոնում ենք հաղթանակած բանակի օրը, որն իրականացրեց հայ ժողովրդի երազանքը եւ 600 տարի անց ապահովեց հաղթանակ. Մենք առաջին անգամ կարողացել ենք տարածքներ ազատագրել»,- ասաց նա։

Վաղարշակ Հարությունյանի խոսքով  ամենակարեւոր խնդիրն այն է, որ այսօր նույնիսկ շփման գծում զինադադարի խախտման դեպքերը կրճատվել են:

«Վերջին ժամանակահատվածում նոր զենքեր են ձեռք բերվել հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինչը մեր բանակի մարտունակությունը բարձրացրել է:

Ամենակարեւոր խնդիրն այն է, որ այսօր նույնիսկ շփման գծում զինադադարի խախտման դեպքերը կրճատվել են: Դա ուղղակի կապված է  մեր բանակի մարտունակության հետ: Զինադադարից ի վեր մեր բանակը հզորացել է եւ հզորանալու է: Այսօր պետության ամենակարեւոր խնդիրն է ապահովել ռազմաքաղաքական բալանսը»-ասաց նա:

Նախկին նախարարը նաև անդրադարձավ բանակի սպառազինության և ֆինանսավորման հարցերին․

«Մենք հստակ տեսնում ենք, որ մեկ տարվա ընթացքում բանակի բյուջեն ավելացել է 28 տոկոսով, ձեռք են բերվել լրջագույնս զինատեսակներ, օրինակ հակաօդային պաշտպանության ՏՈՌ համակարգեր, դա հստակ թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա գործել արդյունավետ հիմա եւ պատերազմի ընթացքում:

Բանակի հզորությունը կապված է նաեւ ֆինանսավորման հետ, եւ մենք տեսնում ենք, որ այստեղ աճ կա: Բացի դրանից, դուք տեսնում եք, որ փող է հատկացվել, որ մարտական ծառայություն իրականացնող զորամասերում բարելավենք կենցաղային պայմանները: Սպաների աշխատավարձն է բարձրացել»,- ընդգծեց նա։


  • Կիսվել: