ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի

ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Շաքե Իսայանն առաջարկում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի հարկման բազայի:

Նրանք առաջարկում են մինչև 150 հազար դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150 հազարից 300 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300 հազարից 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500 հազարից մեկ միլիոն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, մեկ միլիոն դրամից ավելի հարկման բազայի դեպքում` 12 հազար դրամ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12 հազար դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է հիմնադրամի շահառուների շրջանակը, և հատուցումների պատշաճ տրամադրման համար անհրաժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Ուստի պատգամավորներն առաջարկում են ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի, ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հավաքագրվող դրամական միջոցները:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 5-ին Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ֆիզիկական անձանց համար 1000 դրամները դարձնել 3000 դրամ:

 

  • Կիսվել: