Բանակը չի կարող լինել առանց կրթության. Փաշինյան
Մենք ո՞նց ենք պատկերացնում բանակ՝ առանց կրթության։ Այս մասին այսօր Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Տարիներ շարունակ մի իրավիճակ ենք ունեցել, երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմորդների թիվը շարունակաբար նվազել է, մենք ասել ենք՝ բանակ, բայց դա նշանակել է բանակի անկում։ Հաջորդ սերունդը՝ Մոնթե Մելքոնյան վարժարանը։ Մենք ո՞նց կարող ենք բանակ ունենալ, եթե ծառայության անբաժանելի մաս չէ կրթությունը։
Այսօր մեր բանակում տասնյակ, հարյուրավոր զինծառայողներ օտար լեզուներ են սովորում, որովհետև զինծառայողը, ինչպես նաև մենք պետք է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին էլ հասանելիություն ունենանք։ Եվ այն սպառազինությունը, որ մենք ձեռք ենք բերել, միայն դա օգտագործելու համար լեզուների որոշակի իմացություն է պետք ունենալ։ Այստեղ էլ մեր ընկալումները պետք է փոխվեն»։
Ըստ Փաշինյանի՝ իր կառավարման շրջանում է բանակն առաջին անգամ գործարանային արտադրության, լրիվ նոր Դ-30 ունեցել (հրետանային զենքի տեսակ-խմբ․)։
Նա հավելել է. «Նախկինում մեր բանակի պատմության ընթացքում նույնիսկ այդ գովական և ամենասիրելի Դ-30-ից մենք մի հատ անգամ չենք ունեցել, որի առաջին կրակողը մենք ենք եղել։ Ընդհակառակը, մենք ունեցել ենք այնպիսի Դ-30-ներ, որի 100 տոկոսով վերջին կրակողն ենք մենք լինելու։
Այսօր սերժանտական համակարգ է ներդրվում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր Զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ: Եվ սա շատ երկար և մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարևոր եմ համարում։ Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում։ Եվ սա էլ շատ էական է»:


