ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ ցուցաբերած օգնությունն այդ տարիներին ճակատագրական եղավ․ Տոնոյան

ԱՄՆ ցուցաբերած օգնությունն այդ տարիներին ճակատագրական եղավ․ Տոնոյան

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով լուսանկարների ցուցադրություն:

 

Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված է 1919-1920թթ. Միացյալ նահանգների ցուցաբերած մարդասիրական աջակցությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ։

 

Ներկաներին ողջունել և ցուցահանդեսի բացման առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է այս նախաձեռնության կարևորությունը, շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին՝ ցուցաբերած օժանդակության և հաստատած բարեկամական հարաբերությունների համար.

«Շատերի համար ԱՄՆ ցուցաբերած օգնությունն այդ տարիներին ճակատագրական եղավ։ Հատկապես ուսանելու համար նոր հնարավորություններ ստեղծվեցին, ինչի շնորհիվ մեր հայրենակիցներից շատերն այդ դժվարին ժամանակահատվածում կարողացան կրթություն ստանալ և տպավորիչ ձեռքբերումների հասնել»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Լին Թրեյսին շնորհավորել է ներկաներին Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, խոսել վերջին 100 տարիներին կատարված աշխատանքի և դրա կարևորության մասին, ընդգծելով, որ Հայաստանը ոչ միայն աջակցություն ստացող երկիր է, այլև աջակցող՝ մասնավորապես, մասնակցելով աշխարհի խաղաղության ապահովման գործին, խաղաղապահ առաքելություն իրականացնելով մի շարք երկրներում։



Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: