կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Զբոսաշրջիկները շրջանցում են Ջիվանու թանգարանը. ինչու՞

Զբոսաշրջիկները շրջանցում են Ջիվանու թանգարանը. ինչու՞

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում գտնվող հայ հայտնի աշուղ Ջիվանու տուն-թանգարանն արդեն ինը տարի է գործում է առանց մշտական այցելուների։ Չնայած ցուցահանդեսի բացառիկությանը և կազմակերպիչների ջանքերին, թանգարանը մնում է չբացահայտված․ ո՛չ զբոսաշրջիկները, ո՛չ էլ տեղացիները չեն շտապում այցելել այնտեղ։ Հիմնական պատճառներն են՝ ենթակառուցվածքների բացակայությունն ու անտարբերությունը, գրում է jnews.ge-ն:

Ջիվանու տուն-թանգարանը գործում է 2016 թվականից: Այն բացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ, 2016 թվականի օգոստոսի 27-ին, աշուղի ծննդյան 170-ամյակի պատվին: Սկզբում գործել է ցուցահանդեսային մասը, իսկ 2017 թվականին բացվել է հուշային մասը:

Կարծախ գյուղը, որտեղ գործում է թանգարանը, գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ։ Գրեթե ամեն օր այդտեղով անցնում են Հայաստանից եկող զբոսաշրջիկների խմբեր, սակայն թանգարան չեն մտնում։ Թանգարանի թանգարանավար-համակարգող Հասմիկ Սաղաթելյանի խոսքով, ինքը հրավիրել է Հայաստանի մի քանի հայտնի զբոսաշրջային խմբերի ուղեկցորդների, ցույց տվել թանգարանը, պատմել ցուցահանդեսի մասին։

«Նրանք շատ տպավորվում են, քանի որ ոչ բոլոր թանգարաններն ունեն հուշային մաս։ Բայց դրանով ամեն ինչ ավարտվում է», — ասում է նա։

Խմբի ուղեկցորդները վստահեցնում են, որ զբոսաշրջիկներին պատմել են թանգարանի մասին, ցույց տվել լուսանկարները, բայց իբրև թե հետաքրքրություն չեն ցուցաբերել։

«Ասում են, որ զբոսաշրջիկները Հայաստանից գալիս են հոգնած ու քաղցած։ Մարդիկ ուզում են հանգստանալ և մի բան ուտել։ Բայց մենք ո՛չ սրճարան ունենք, ո՛չ էլ խանութ։ Դրա համար նրանք շտապում են սահմանը հատել և չեն կանգնում։ Սա է հիմնական խնդիրը», — նշում է Հասմիկ Սաղաթելյանը։

Նրա խոսքով, թանգարան հիմնականում այցելում են նրանք, ովքեր իսկապես սիրում են Ջիվանու ստեղծագործությունները և որոնց համար հեռավորությունը նշանակություն չունի։

Անտարբերությունը նկատելի է ոչ միայն զբոսաշրջիկների կողմից։ Թանգարան հազվադեպ են այցելում նաև տեղացիները, այդ թվում՝ դպրոցականները։

«Ես խոսել եմ բոլոր դպրոցների տնօրենների հետ, պատմել եմ նրանց թանգարանի մասին, բայց ոչ ոք չեկավ։ Երեխաները նախընտրում են զվարճանքի կենտրոնները», — ասում է Հասմիկը։

Այս տարի թանգարան են այցելել դպրոցականների միայն երկու խումբ՝ մեկը Կարծախից, իսկ մյուսը՝ մեկ այլ գյուղից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: