երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զարգացնենք մեր մշակույթը միասին». ԿԳՄՍ փոխնխարարը ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացմանը

«Զարգացնենք մեր մշակույթը միասին». ԿԳՄՍ փոխնխարարը ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք, որտեղ  ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացման արարողությանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալի առաջին կանգառը Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոնն էր, որտեղ անցկացվում էր միջոցառում՝ նվիրված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Միջոցառման շրջանակում կենտրոնի սաները բեմադրել են հայկական տարբեր ֆիլմերից հատվածներ, հանդես եկել երաժշտական և պարային կատարումներով:

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ողջունել է կենտրոնի սաներին, մանկավարժներին և ծնողներին՝ շնորհակալություն հայտնելով Հայ կինոյի 100-ամյակի արժևորման և այսկերպ հայ կինոաշխարհը բացահայտելու և ճանաչելու, փոքր հասակից երեխաներին մշակութային կյանքին ինտեգրելու նախաձեռնության համար:

Այցի շրջանակում Դանիել Դանիելյանն այցելել է Արտաշատի համայնքապետարան, հանդիպել համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արատաշատ քաղաքում մշակութային կյանքի զարգացման, առկա խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին քաղաքի կրթամշակութային հաստատություններում աշխատանքի տեղավորելու վերաբերյալ մի շարք հարցեր: Առանձնակի անդրադարձ է եղել արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրենսդրական դաշտի կարգավորման անհրաժեշտությանը, կադրային խնդիրների լուծման ճանապարհներին, ժամաբաշխման, համատեղությամբ աշխատելու, նոր գործիքներով և անհրաժեշտ տեխնիկայով համալրելու հնարավորություններին:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացող Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի մեկնարկին: Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Փառատոնը նվիրված է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90 և թամանյանական շենքի կառուցման 80-ամյակներին:

«ԿԳՄՍ նախարարության քաղաքականության առաջնահերթություններից է մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը: Վստահ եմ՝ համատեղ ջանքերով անցկացվող այս փառատոնը կնպաստի քաղաքում և մարզում ոչ միայն մշակութային կյանքի ակտիվացմանը, այլև նոր եռանդով զարգացմանը: Մեր մշակույթը պետք է պահպանենք բոլորս միասին՝ սկսած հասարակությունից ու ոլորտի ներկայացուցիչներից մինչև մարզպետարան ու նախարարություն: Եվ այս փառատոնը միասնական աշխատանքի լավ օրինակ է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ թատերական ոլորտում նախատեսվում է նաև հայ-ֆրանսիական համագործակցություն, որի շուրջ աշխատանքներն արդեն սկսվել են:

Նշենք, որ Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնն իրականացնում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ՝ նոյեմբերի 1-7-ը: Թատրոնը հյուրընկալելու է հանրապետության 9 թատրոնների, որոնք հանդես կգան իրենց լավագույն ներկայացումներով: Մեկնարկային ներկայացմամբ հանդես է եկել Երևանի Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության բեմադրմամբ (բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան):

  • Կիսվել: