չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թերբոնի դասական նվագախմբի գլխավոր դիրիժոր  Լորի Անթունյանն ու ամուսինը ծրագրում են տեղափոխվել Հայաստան

Թերբոնի դասական նվագախմբի գլխավոր դիրիժոր Լորի Անթունյանն ու ամուսինը ծրագրում են տեղափոխվել Հայաստան

Կանադայի Թերբոնի դասական նվագախմբի գլխավոր դիրիժոր Լորի Անթունյանը կարևորում է հայկական երաժշտության պահպանումն ու տարածումն արտասահմանում։  

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում մշակույթին վերաբերող պանելային քննարկմանը Լորի Անթունյանը, ով հայկական երաժշտության թեմայով դիրիժորության դոկտորական աստիճան է պաշտպանել Մոնրեալի համալսարանում, նշեց, որ դոկտորական թեզի համապատասխան նյութեր գտնելուն երկար տարիներ է հատկացրել՝ մեկնելով Վենետիկ, ԱՄՆ…

«Հայկական պատմությունը, Կոմիտասի երաժշտությունը, մեր մշակույթն ինձ միանգամից հաջողություն բերեցին, կարողացա իմ դոկտորական թեզը պաշտպանել:

Ամեն ելույթիս, աշխարհի շուրջ շրջագայությունների ընթացքում արտասահմանյան նվագախմբերի հետ հայկական երաժշտություն եմ նվագել։ Ես շրջագայել եմ նաև Արա Գևորգյանի հետ՝ ամեն անգամ հայկական երաժշտությունը ներկայացնելով 15 հազար հանդիսատեսի առջև»,-ասաց Անթունյանը:

Նա 2009 թվականին հիմնադրել է «Իմպերիալ» նվագախումբը, որի հետ բազմաթիվ համերգներով է հանդես եկել Մոնրեալում, մասնակցել տարբեր միջազգային հեղինակավոր փառատոների։

«Կանադայում ես 150 հոգուց բաղկացած երգչախումբ եմ ունեցել և իրենց հայերեն եմ սովորեցրել, Հայաստանի պատմությունը հակիրճ գրել եմ թղթի վրա ու իրենց տվել։ Նրանք էլ իրենց ընտանիքում են խոսել և ներկայացրել հայկականը, այդպես փորձել եմ նպաստել տարածմանը»,-պատմեց արվեստագետը։

Նրա խոսքով՝  դժվար է հայկական մշակույթի, ինքնության պահպանումը օտար երկրներում,  սակայն ինքն անզիջում կերպով, երաժշտության լեզվով, նվագախմբի հետ միասին շարունակում է Կոմիտաս նվագել, հայ երգահանների գործերը ներկայացնել՝ կենսագործունեության մեջ կարևորելով հայկականն ու հայ ինքնությունը։ 

Արվեստագետի դիտարկմամբ՝ մասնավորապես կանադացիները շատ են սիրում  հայկական երաժշտությունը։

«Հուլիսի 3-ին Հայաստանում ֆիլհարմոնիկի հետ ելույթ ենք ունեցել։ Այստեղ ֆիլհարմոնիայում շատ լավ երաժիշտներ են, մենք շատ տաղանդներ ունենք Հայաստանում»,-բնութագրեց դիրիժորը՝ հավելելով, որ արտասահմանյան տարբեր նվագախմբերի հետ մեկամյա պայմանագրերի ավարտից հետո  լուսանկարիչ ամուսնու հետ ծրագրում են տեղափոխվել Հայաստան։

Անդրադառնալով աշխարհում դասական երաժշտության տենդենցներին՝ Անթունյանը համոզմունք հայտնեց, որ դասական նվագախմբերն աստիճանաբար փակվում են, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն։ Նրանք հաճախ ստիպված են լինում ժամանակակից ժանրերով համագործակցային նախագծեր իրականացնել, որպեսզի իրենց դռները չփակեն։

«Մենք, որպես նվագախումբ և դիրիժորներ, կարիք ունենք աջակցության՝ սփյուռքի, կազմակերպությունների, հայության, մեդիայի կողմից։ Եթե աջակցողներ չլինեն, չենք կարող ելույթներ ունենալ։ Շատ ենք չարչարվում, որպեսզի հովանավորներ գտնենք, որ կարողանանք ելույթներ, համերգներ և հյուրախաղեր ունենալ»,-ընդհանրացրեց դիրիժորը: 

 

  • Կիսվել: