չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սպահանում ներկայացվել է Մատենադարանի լուսանկարչական գանձարանը

Սպահանում ներկայացվել է Մատենադարանի լուսանկարչական գանձարանը

Իրանի Իսլամական Հանրապություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թանգարանում տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում են Մատենադարանից:

Իվեթ Թաջարյանն անդրադարձել է իրանահայերի, մասնավորաբար՝ Ավո Հովհաննիսյանի, Ժոզեֆ Փափազյանի և Էմանուել Սևրուգյանի նվիրատվություններին, որոնք ընդգրկված են պատկերագրքի մեջ։

Միջոցառմանը ներկա են եղել Սպահանի հայոց թեմի առաջնորդը, Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարանի դիվանապետը, հասարակական գործիչներ, համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի գրադարանի և հանրային կապերի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը խոսել է Մատենադարանի նոր ցուցադրությունների, համալրումների և վերականգնման ոլորտում նախանշվող համագործակցության վերաբերյալ։

Պատկերագրքերը փոխանցվել են գրադարանին և Նոր Ջուղայի կրթական ու մշակութային հաստատություններին։

 

  • Կիսվել: